Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանում տարեկան 4000-5000 մարդ է մահանում օդի խիստ աղտոտվածության պատճառով: Այս մասին հայտարարել է Թեհրանում օդի որակի վերահսկման կենտրոնի գլխավոր տնօրեն Յուսիֆ Ռաշիդին:
Ռաշիդին, ներկայացնելով Իրանի առողջապահության նախարարության վերջին վիճակագրական տվյալները, ընդգծել է, որ Իրանի մայրաքաղաքում օդի աղտոտվածության իրավիճակը շատ բարդ է: Նա հավելել է, որ Թեհրանում ասբեստի մասնիկների քանակը 50-100 անգամ ավելի է, քան աշխարհում մաքուր ճանաչված քաղաքներում.
«Թեհրանի իշխանությունները բավարար ուշադրություն չեն հատկացնում այդ խնդրին: Իրանը բազմաթիվ խնդիրներ ունի՝ կապված ստանդարտային վառելիքի հետ: Իրանը նախկինում ընդունել է օդի աղտոտվածության խնդրի լուծման օրենքներ, սակայն դրանցից ոչ մեկը չի գործում:
Դրանք վերաբերում էին Թեհրանում երթևեկության սահմանափակմանը, ինչպես նաև որոշ դպրոցների ու կառավարական հիմնարկների փակմանը: Իրաքի տարածքից եկող ուժգին ավազամրրիկները նույնպես իրենց ազդեցությունն են ունենում օդի աղտոտվածության վրա»:









































