Հյուսիսային Կորեան 2012 թ. առաջին կեսին Շվեյցարիայից ներմուծել է 170 հազար դոլարի հրազեն: Այս մասին հաղորդում է Yonhap գործալությունը՝ վկայակոչելով հարավկորեական KOTRA առևտրային պետական գործակալությանը: Հյուսիսային Կորեան ձեռք է բերել հրացաններ, պնևմատիկ և գազային ատրճանակներ՝ ընդհանուր 100 հազար դոլար արժողությամբ, ինչպես նաև 70 հազար դոլարի զենքի տարբեր պահեստամասեր:
KOTRA-ի տվյալներով՝ Հյուսիսային Կորեան Շվեյցարիայից հրազեն չէր ներմուծել 2009 թվից: Ենթադրվում է, որ ռազմատեխնիկական համագործակցության վերականգնումը կապված է այն հանգամանքի հետ, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը երիտասարդության տարիներին ապրել է Շվեյցարիայում: ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ցուցակում շվեյցարական զենքի՝ Հյուսիսային Կորեա մատակարարումների մասին տվյալներ չկան:
Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ վերջին 10 տարում Հյուսիսային Կորեա սպառազինությունների մատակարարմամբ զբաղվել է միայն Ռուսաստանը: Մասնավորապես, 2001-2011 թթ. Հյուսիսային Կորեան ստացել է 20 զրահապատ մքենա և 60 հրթիռ: SIPRI-ի տվյալերի բազայում տեխնիկայի և զինամթերքների տեսակները չեն հստակեցվում:
Հարկ է նշել, որ եթե անգամ հրազենի մատակարարումներ իրականացվել են, ապա ոչ Շվեյցարիայից : Բանն այն է, որ Շվեյցարիայի օրենսդրությունն արգելում է ռազմական արտադրանք արտահանել այն երկրներ, որոնք մասնակցում են զինված հակամարտություններին: Չնայած Հյուսիսային Կորեան ուղղակիորեն ոչ մի երկրի հետ պատերազմի մեջ չէ, երկրի զորքերը 2010 թ. նոյեմբերին ռմբակոծեցին հարավկորեական Յոնպհենդո կղզին:
Շվեյցարիայում տարբեր հրազենների արտադրությամբ զբաղվում են Brugger & Thomet, Hammerli, Morini, RUAG, SIG Sauer և Swiss Arms ընկերությունները, ընդ որում՝ ակտիվ մատակարարումներով զբաղվում են վերջին երեքը:








































