ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Միթ Ռոմնին, հնարավոր է, նախքան ընտրություններն այլևս ոչ մի հարցազրույց չտա լրագրողներին: Այս մասին հայտարարել է Ռոմնիի ընտրական շտաբի ղեկավար Քևին Մեդդենը:
«Բանավեճերն այնքանով էին լավ, որ մեզ հնարավորություն տվեցին ուղղակիորեն խոսել ամերիկացիների հետ նրանց հուզող հարցերի մասին: Հաջորդ 14 օրերի ընթացքում նահանգապետ Ռոմնին պատրաստվում է հանդիպել առավելագույն թվով ընտրողների հետ ծայրահեղ կարևոր «տատանվող» նահանգներում և նրանց հասցնել իր փաստարկները՝ կապված այն հարցի հետ, թե ինչու ինքը կլինի լավագույն նախագահը: Առայժմ ձեզ համար ես որևէ գրաֆիկ չունեմ, բայց մենք ձեզ տեղյակ կպահենք»,- ասել է Մեդդենը:
Նախագահ Բարաք Օբաման առայժմ չի հրաժարվում հարցազրույցներից, չնայած նույնպես ժամանակի մեծ մասն անցկացնում է ամբողջ երկրում նախընտրական միջոցառումների վրա:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 6-ին:








































