Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին, նկատի ունենալով նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունները, հայտարարել է, որ ԱՄՆ-ում նախագահի փոփոխումը չի անդրադառնա Իրանի հանդեպ այդ երկրի վարած քաղաքականության վրա.
«Մի շարք շրջանակներ հուսով են, որ ԱՄՆ-ում նախագահի փոփոխումը դրականորեն կանդրադառնա Իրանի վրա, սակայն այդ հույսերը կեղծ են և անհիմն: Երկրի ղեկավարությանն անհրաժեշտ է համապատասխան խորհրդակցություններ անցկացնել՝ ամեն տիպի իրավիճակին պատրաստ լինելու համար: Իրանի և ԱՄՆ-ի դիմակայությունն ունի հին պատմություն:
Հենց ԱՄՆ-ն է Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո Սադդամ Հուսեյնին հրահրել հարձակվել Իրանի վրա: Այդ հարձակումն ավարտվեց 8-ամյա պատերազմով: Վերջին տասնամյակում ԱՄՆ-ը Իրանի միջուկային ծրագրի իրագործման պատրվակով ճնշում է գործադրում Իրանի վրա՝ կանգնեցնելու համար գիտության և տեխնոլոգիաների ոլորտում նրա առաջընթացը»:








































