Եթե գալիք նախագահական ընտրություններին ՀԱԿ-ից չառաջադրվի ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը, առաջադրվի մեկ ուրիշը, որևէ դերակատարություն քաղաքական գործընթացների վրա չի ունենա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց
«Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Նրա խոսքով՝ ՀԱԿ-ը հավաքվել է ընտրություններում հաղթած ընդդիմադիր թեկնածուի շուրջը, ուստի եթե առաջադրվի՝ նա պետք է առաջադրվի:
Արամ Կարապետյանն ասաց, որ այսուհետ չի քննարկելու ընդդիմադիր դաշտում ծավալվող գործընթացները, քանի որ իր համար շատ ավելի կարևոր են Հայաստանի՝ ներկա իրավիճակից դուրս գալու մեխանիզմները, կարևոր են գործընթացները մինչև ընտրությունները և դրանցից հետո: Բանախոսի գնահատմամբ՝ ՀՀ-ում իրավիճակը ժամանակի ընթացքում վատթարանալու է, լինելու են քաղմանիպուլյացիներ։
«Այսօր էլ ունենք անհասկանալի վիճակ, քաղաքական սերիալ՝ «ԲՀԿ, սատարիր ինձ, թե չէ մինիստրիդ կձերբակալեմ» մի պարադոքսալ իրավիճակ: Իսկ ՀՀ-ի առջև կանգնած խնդիրները շատ ավելի լուրջ են»,- նման տեսակետ հայտնեց բանախոսը:
Անդրադառնալով ընդդիմության միասնական թեկնածուի մասին խոսակցություններին՝ դրանք արհեստական գործընթաց անվանեց: «Մեզ միշտ, ամեն անգամ հրամցնում են հինը, մենք առաջ չենք կարողանում շարժվել։ Իշխանության մեջ եղած մարդը չի կարող ժողովրդի ամենամեծ վստահությունն ունենալ: Վրաստանի ընտրությունները մեզ օրինակ: Հայաստանը ընկել է սրա մեջ, չի կարողանում դուրս գալ: Մարդիկ հարց են տալիս՝ մինչև այսօր իշխանություն էր, ի՞նչ են տեսել որ»,- պարզաբանեց Արամ Կարապետյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































