«Գիտեք ինչ կա, ես չեմ պնդում, որ մեր այս ընտրությունները եղել են մաքուր, ազնիվ, դա չի խոսքը, այց ես ուրիշ հարց եմ դնում` ես կարող եմ ասել, որ ուրիշ թվին մարդիկ ուզում էին, որ նախագահը սա լիներ` ուրիշն էր դառնում` կեղծիքների պատճառով: Ուզում էին այս կուսակցությունը շատ տոկոս ունենար` այդպես էր լինում: Հիմա ես որ նայում եմ մարդկանց, նրանց ձայներին, չեմ տեսնում, որ մարդիկ, քաղաքացիները ուզում էին ձայնը տալ Րաֆֆի Հովհաննիսյանին կամ Լևոն Տեր-Պետրոսյանին, բայց չարամտորեն իրենց ձեռքից վերցրին, տվեցին «Բարգավաճին» ու Հանրապետականին: Չեմ տեսնում այդպիսի բան»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ԱԺՄ նախագահ և Հանրային խորհրդի նախագահ Վազզեն Մանուկյանը: Նա վստահեցնում էր, որ Հայաստանում բոյոր գործառույթները լրիվ խոշորացույցով նայվում են Եվրոպայի խորհրդի կողմից:
Թերթի դիտարկմանը, որ խորհրդարանական ընտրություններին կեղծիքներ եղան, բայց միջազգային կառույցները ոչ մի լուրջ բան չարձանագրեցին՝ Վազզեն Մանուկյանը պատասխանեց. «Ես տեսնում էի, որ եթե շատ մաքուր գնար, ամեն ինչը շատ մաքուր լիներ, կարող է 2-3 տոկոսի տարբերություն լիներ: Բայց` մոտավորապես, դուք էլ, որպես մարդ, տեսնամ եք` դաշտում ինչ է կատարվում: Ձեզ թվում է, որ իշխանությունն այս ընտրությունների ժամանակ խլեցին մի ինչ-որ փոքր կուսակցությունի՞ց, չէ: Մարդիկ «Բարգավաճին» որ տալիս էին ձայները` ունեի՞ն իրենք ձայներ: Այդ ընտրակաշառքը, բան, դա մի կողմ թողնենք, որովհետև դա, իհարկե, հանցագործություն է, ես դրան դեմ եմ, բայց մարդիկ կամավոր եկել են, փողը վերցրել են, գնացել են սրան կամ նրան ձայն են տվել: Ու իրենց մտքում չի եղել, որ վայ, ինչ լավ կլիներ, որ սա լիներ, բայց ընտրությունը մեկ է` կեղծվելու է, սա է լինելու: Այդ առումով այս ընտրություններն իրոք ունիկալ էին: Այս ընտրությունների վերջին շաբաթվա ընթացքում եթե ոչ մի կոպեկ չբաժանվեր, արդյունքը նույնը կլիներ: Փողի աշխատանքը եղել է տարիների ընթացքում: Ես մարդկանց հետ խոսում եմ, չեն ասում՝ գնացել եմ ԲՀԿ-ին ձայնս տվել եմ փողի պատճառով: Ասում են՝ ես գտնում եմ, որ Ծառուկյան Գագիկը կարող է Հայաստանը փրկել, ինքը հզոր է, ինքը բարի է, ինքը լավն է»:
«Առավոտի» հարցին` ստացվում է, որ արդեն հասարակությունը զոմբիացվե՞լ է` Վազգեն Մանուկյանը պատասխանեց. «Բա այդպես է: Երբ անընդհատ նույնն բանն ես անում, հասարակությունը դառնում է այդպիսին: Ես այսպես կձևակերպեի` այս տարվա ընտրությունները համապատասխանում են այս տարվա հասարակությանը: Իսկ հասարակությանը մեղադրել չեմ ուզում, որովհետև հասարակությունը հասել է սրան: 95-96-ին դեռ լի էր պայքարելու և ճշմարտության համար գնալու ցանկությամբ` գլխին խփեցին: Հետո եկավ 98 թիվը, դժվար է ասել՝ 98-ին ինչ տեղի ունեցավ, որովհետև 98-ին շատ ալիքներ խառնվեցին, բայց հետո էլի մարդիկ ունեցան նույնը, հիասթափվեցին, կամաց-կամաց համակերպվեցին դրան»:







































