Կապանի մսի կոմբինատի տնօրեն Ալբերտ Օհանջանյանը, որը սեպտեմբերի 29-ին կալանավորվեց բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում, պատրաստվում է «մանրամասն ցուցմունք տալ և ամեն ինչ պատմել»: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է Օհանջանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Բնականաբար, Օհանջանյանը պատմելու շատ բան ունի, քանի որ հենց ինքն է այն մատակարարը, որից ՀՀ ԶՈԻ գլխավոր շտաբի պետի տեղակալը խոշոր գումար էր պարտք վերցրել, ինչի մասին իր վրդովմունքը հայտնեց Սերժ Սարգսյանը: Երվանդ Վարոսյանը «ՀԺ» թղթակցին փոխանցել է, որ ներկայում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում Օհանջանյանն իրեն մեղավոր չի ճանաչում, այժմ հրաժարվում է որևէ ցուցմունք տալ: Իսկ թե երբ պետք է ամեն ինչ պատմի, Վարոսյանը չի հստակեցրել: Օհանջանյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար (Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետ. մեղադրանքի հաստատման դեպքում նրան սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում, նաև գույքի բռնագրավում):







































