«Ցանկանում եմ հավատալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` անդրադառնալով ԵԺԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում հնչած այն տեսակետին, որ հաշվի առնելով մայիսին միջազգային դիտորդների ներկայացրած առաջարկները` իշխանությունները հաստատակամ են փետրվարին անցկացնել ազատ, արդար ու ժողովրդավարական ընտրություններ:
«Առհասարակ, կցանկանայի, որ օպտիմիզմս որևէ կերպ չստվերվեր և չնվազեր, որովհետև ազատ-արդար ընտրություններն այս պարագայում` առավել, քան երբևէ, այլընտրանք չունեն, և ՀՀ-ի ոչ միայն հետագա զարգացումը, այլև զարգացման ճակատագիրն ուղղակիորեն կախված է դրանից»,- կարծիք հայտնեց ԲՀԿ-ական պատգամավորը:
Այն, որ նախագահը նաև «շոշափելի ֆինանսական աջակցության» ակնկալիքներ է հրապարակել եվրոպական ընտանիքի անդամներից` սկսած ժողովրդավարական բարեփոխումներն ավարտին հասցնելու համար, ԲՀԿ-ական պատգամավորը նկատեց. «Ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է միայն կամք և ցանկություն»: Գումարներ պետք չե՞ն` Aravot.am-ի հարցին հակադարձեց. «Կարծում եմ` գումարներ հայթայթելու բազմաթիվ տեղեր կան: Մասնավորաբար, վերջերս աղմուկ հանած պատմությունները մատնացույց են անում աղբյուրները»:







































