Սիրիայի ընդդիմությունն առայժմ չի կարող դառնալ միասնական քաղաքական ուժ, որի հետ հնարավոր կլինի բանակցություններ վարել: Այս մասին, ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
«Ընդդիմությունը չի կարող իր շարքերը համակարգել և դառնալ քաղաքական ուժ, որի հետ հնարավոր կլինի բանակցություններ վարել»,- ասել է նա Մոսկվայում ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:
Փոխնախարարը կոչ է արել արևմտյան երկրներին ազդել Սիրիայի ընդդիմության վրա:
«Մյուս կողմից, մենք կարծում ենք, որ մեր գործընկերները պետք է օգտագործեն իրենց ողջ ազդեցությունը Սիրիայի ընդդիմության վրա և ստիպեն նրան քաղաքական երկխոսություն սկսել իշխանության ներկայացուցիչների հետ»,- ասել է նա:
Գրուշկոն նաև հաստատել է Մոսկվայի դիրքորոշումն առ այն, որ անթույլատրելի է Սիրիայի գործերին միջամտել դրսից:
«Մենք կարծում ենք, որ Սիրիան իրենց՝ սիրիացիների գործն է»,- ասել է նա:










































