Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը հոկտեմբերի 17-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ: REGNUM գործակալությունը՝ հղում անելով Հայաստանի ԱԱԽ մամլո ծառայությանը, գրում է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմատեխնիկական և ռազմաարդյունաբերական ոլորտներում հայ-ռուսական համագործակցության հեռանկարները:
Բաղդասարյանն ու Ռոգոզինը նաև կարծիքներ են փոխանակել անվտանգության ոլորտում հայ-ռուսական համագործակցության՝ լայն շրջանակ ընդգրկող հարցերի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող:
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը Մոսկվայում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Ռուսաստանի պետական ռեզերվների դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Գոգինի հետ: Զրուցակիցները համաձայնության են եկել պետական ռեզերվների հայ-ռուսական համատեղ ենթակառուցվածք ստեղծելու վերաբերյալ:
Արթուր Բաղդասարյանը ՌԴ պետական սահմանի բարեկարգման դաշնային գործակալության ղեկավար Դմիտրի Բեզդելովի հետ քննարկել է Հայաստանում գործակալության ներկայացուցչություն բացելու հարցը: Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ներկայացուցչության բացումը կօգնի թուրքական և իրանական հատվածներում Հայաստանի պետական սահմանի պաշտպանության համակարգերի արդիականացման աշխատանքներին:








































