Ավելի քան 120 մարդ է տուժել անցած ուրբաթ Կահիրեի կենտրոնում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով: Այդ մասին այսօր հայտնել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը: Շտապօգնության բժիշկների տեղեկություններով` հիվանդանոց են տեղափոխվել հրազենային վնասվածքներով տասնյակ տուժածներ:
Թահրիրի հրապարակում բախումները սկսվել են ուրբաթ օրվա աղոթքից հետո, երբ հրապարակում հավաքվել էին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցներն ու հակառակորդները:
Մայրաքաղաքի հենց սրտում ընթացող իրադարձությունները հիշեցրել են 2011թ.-ի հունվար-փետրվար ամիսները, երբ եգիպտացիները պայքարում էին Հոսնի Մուբարաքի հրաժարականի համար:
Մուրսիի ընդդիմադիրները մտադիր չեն հանձնվել: Նրանք հայտարարել են արտահերթ գործադուլ սկսելու մասին և կոչ են անում ազատ արձակել ասամբլեան, որը մշակում է երկրի նոր սահմանադրությունը:








































