Քաղցրահամ և գազավորված ըմպելիքների ամերիկյան արտադրողները, նաև` հասարակական սննդի հաստատությունների տերերը դատարան են դիմել Նյու Յորքում ընդունված` 0,5 լիտրից մեծ շշերով ըմպելիքների վաճառքի արգելքը չեղյալ համարելու պահանջով: Այս մասին տեղեկացնում է New York Times հրատարակությունը:
Մայիսին Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգն առաջարկել էր արագ սննդի ռեստորաններում, սրճարաններում և կինոթատրոններում սահմանափակել 475 միլիլիտրից մեծ չափաբաժնով քաղցրահամ և գազավորված ըմպելիքների վաճառքը:
Վերոնշյալ արգելքի հիմնական նպատակն այն է, որ Նյու Յորքում կրճատվի ճարպակալմամբ տառապողների թիվը: New York Times-ի տվյալներով` ավելորդ քաշի հետևանքով քաղաքում տարեկան մոտ 6000 մարդ է մահանում:
Օրենքն ընդունվել է Նյու Յորքի առողջապահության դեպարտամենտի կողմից և ուժի մեջ կմտնի գալիք տարվա մարտից:
Ըմպելիք արտադրողների կարծիքով` այդ օրենքը խախտում է սպառողների իրավունքները, իսկ առողջապահության դեպարտամենտն իրավունք չունի նման օրենքներ ընդունելու, այն օբյեկտիվ չէ, քանի որ դրա կազմում ընդգրկված են մեծ մասամբ Բլումբերգի նշանակած մարդիկ:
Քաղաքապետարանի ներկայացուցիչները հայցն անվանել են «չհիմնավորված»` նշելով, որ քաղաքացիների առողջության մասին հոգալն առողջապահության դեպարտամենտի իրավասությունների մեջ է:









































