Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր հեռուստաուղերձում վստահություն է հայտնել, որ Վրաստանում, ի դեմս «Վրացական երազանք» դաշինքի, նոր քաղաքական ուժի իշխանության գալով՝ բոլորը կհամոզվեն, որ Վրաստանի հետ հարաբերություններում Ռուսաստանի խնդիրների էությունը Վրաստանի անկախությունն է և ոչ թե նրա քաղաքական առաջնորդները.
«Պատրանք է այն, որ մեր զավթիչի հետ մենք խնդիրներ ունենք որևէ քաղաքական առաջնորդի կամ անձի պատճառով: Կարծում եմ, որ այս ընտրություններից հետո կվերանա այդ պատրանքը: Խնդիրն արմատական է՝ դա Վրաստանի անկախությունն է: Իր անկախության ամրապնդման համար Վրաստանը պետք է էլ ավելի ուժեղ հավատարիմ մնա եվրաատլանտյան ուղղվածությանը:
Դրա համար էլ ներկայումս անկախության ամրապնդման համար, ինչպես երբևէ, անհրաժեշտ է ուժեղացնել եվրաատլանտյան ուղղվածությունը: Մեր երկրի ապագայի համար այդ ուղղվածությունը չունի այլընտրանք՝ անկախ նրանից, թե ով կլինի կառավարությունում»:









































