Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսին գլխավոր դատախազ Աբդելմահիդ Մահմուդին պաշտոնից հեռացնելու հրաման է ստորագրել: Այս մասին հայտնել է «Ալ-Ահրամ» թերթի կայքը` հղում կատարելով նախագահի քարտուղարության ղեկավարին:
Մուրսիի նման որոշումը կայացվել է մի քանի օր անց այն բանից հետո, երբ Կահիրեի դատարանն արդարացրեց նախկին վարչակարգի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր մասնակցել էին 2011թ. փետրվարին ցուցարարների վրա հարձակմանը։ Այդ դեպքը երկրում հայտնի է «ճակատամարտ ուղտերի վրա» անվամբ:
Դատապարտյալի աթոռին էին գտնվում Եգիպտոսի նախկին վարչակարգի 24 ներկայացուցիչներ, այդ թվում` խորհրդարանի նախկին խոսնակներ Ֆաթհի Սուրուն և Սաուֆաթ Աշ-Շարիֆը:
Մի քանի օր առաջ Եգիպտոսի նախագահը, մեկնաբանելով Կահիրեի դատարանի որոշումը, Twitter-ի իր էջում գրել էր. «Մահացած հերոսների արյունն իմ անձնական պարտքն է»:
Եգիպտական ԶԼՄ-ները հաղորդել են, որ գլխավոր դատախազին պաշտոնից հեռացնելու հրամանը ստորագրելուց առաջ Մուրսին խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են երկրի վարչապետը, պաշտպանության, արադարադատության և արտաքին գործերի նախարարները:









































