«Հրապարակ»-ը գրում է. «ՀՀԿ վերնախավում այդպես էլ չեն հասկանում, թե Օսկանյանի անձեռնմխելիության հետ կապված քվեարկության օրն ինչու պետք է բանը հասներ նրան, որ անձամբ Սերժ Սարգսյանը զբաղվեր որոշ պատգամավորների զանգել-կանչելով, երբ նրանց «բերման ենթարկելու» պարտականությունը դրված է ԱԺ նախագահի վրա, մանավանդ «ճշտով» առաջնորդվող պատգամավորները՝ Թոխմախի Մհերը և մյուսները, որոնց համար ԱԺ-ում Հովիկ Աբրահամյանը վիպ պայմաններ է ապահովել, նրա մտերիմներն են»:
Ի դեպ, երբ «Հրապարակ»-ը հարցրեց Մհեր Սեդրակյանին` նախագահը զանգել իրեն` ի՞նչ է ասել, Թոխմախն իրեն հասանելի խորքայնությամբ ասաց, թե մենք ո՞վ ենք, որ մեզ նախագահ զանգի: ՀՀԿ-ում էլ տարընթերցման տեղիք է տվել Հովիկ Աբրահամյանի միտքը, որ հնչել է լրագրողների հարցին ի պատասխան, թե որքանո՞վ է ինքը հնարավոր համարում, որ Գագիկ Ծառուկյանը պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նա պատասխանել էր` հիսուն-հիսուն: «Եվ դա այն դեպքում, երբ մեր գործադիր մարմնի նիստի ժամանակ, բոլորիս ներկայությամբ 2 ամիս առաջ ասաց, որ Գագոն իննսունինը տոկոսով պաշտպանելու է Սերժ Սարգսյանին»,- ասաց թերթի հետ զրուցող ՀՀԿ-ականը:








































