«Էգեդ» ավտոբուսային կոոպերատիվի աշխատակիցները ստիպված կլինեն անցնել ստի դետեկտորով: Ոստիկանությունը նման որոշում է կայացրել Թել Ավիվում կենտրոնական ավտոբուսային կայանի գանձարանի թալանի հետաքննությամբ պայմանավորված:
Դեպքը պատահել է հոկտեմբերի 2-ին: Անհայտ անձինք ներխուժել են կոոպերատիվի ծառայողական շենք ու կապկպելով գանձապահին` հափշտակել խոշոր չափի գումար: Այս մասին հայտնում է jewish.ru կայքը:
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել էին, թե ինչպես են երկու մարդ մոտոցիկլետավարի սաղավարտով մտել գանձապահի հետևից ու զենքի սպառնալիքով թալանել չհրկիզվող պահարանը, որը այդ պահին բաց է եղել:
Ոստիկանությունում կասկածներ ունեն, որ հանցագործությանն առնչություն ունեցող մարդիկ անցյալում եղել են «Էգեդի» աշխատակիցներ, ուստի քննության ընթացքն արագացնելու համար որոշում է կայացվել վարորդներին ստուգել ստի դետեկտորով:









































