Ժամանակակից օրացույցը սկիզբ է առնում հինհռոմեական հուլյան օրացույցից, որը կիրառության մեջ էր մտել Ք.ծ.ա. 45 թ. հունվարի 1-ին:
Հին և նոր տոմարների միջև 20 և 21-րդ դարի առաջին կեսին տարբերությունը կազմում էր 13 օր: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Մի շարք երկրներում, ըստ ավանդույթի, ոչ պաշտոնական նշվում է հին տոմարով Նոր տարին։ Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատել է, որ հուլյան, այսինքն` հին տոմարը, մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի է դարձել գարնանային գիշերահավասարին` մարտի 21-ին, քանի որ Նիկիայի 325 թվականի ժողովի որոշմամբ գիշերահավասարի օր համարվել է ոչ թե մարտի 21-ը, այլ 11-ը:
Գրիգոր 13-րդը կարգադրել է 1582 թվականի հոկտեմբերի 4-ին` հինգշաբթի օրվան հաջորդող համարել ուրբաթ` հոկտեմբերի 15-ը` բաց թողնելով կուտակված 10 օրերը, որոնց սխալն առաջացել էր 325-1582թթ.: 16-20-րդ դարերի ընթացքում հուլյան` հին, և գրիգորյան` նոր տոմարների միջև տարբերությունը կազմել է 13 օր:
Հին Նոր տարին տոնելու ավանդույթը Ռուսաստանում սկսվել է 1918 թվականին նոր ժամանակագրություն մտցնելուց հետո։ Նպաստել է նաև այն, որ Ռուս ուղղափառ եկեղեցին մինչ այժմ շարունակում է եկեղեցական տոները նշել՝ ըստ հուլյան տոմարի։ ԽՍՀՄ փլուզումից հետո հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում՝ Հայաստանում, Մոլդովայում, Բելառուսում, Լատվիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում և Վրաստանում ոչ պաշտոնական տոնվում է Հին Նոր տարին։
Հին Նոր տարին, ըստ հուլյան տոմարի, տոնում են Շվեյցարիայի մի շարք գերմանախոս կանտոններում։








































