Սիրիական իշխանությունները սկսել են հետաքննել Սիրիայի սահմանին տեղի ունեցած պատահարը, որտեղ սիրիական ռումբերի ընկնելու հետևանքով զոհվել է հինգ մարդ: Այս մասին հայտնել է երկրի տեղեկատվության նախարար Օմրանա Զաոբին:
«Համապատասխան ծառայությունը ներկա դրությամբ փորձում է պարզել, թե որտեղից և ում կողմից են Թուրքիայի ուղղությամբ ռումբեր նետվել»,- հայտարարել է նախարարը ուղիղ եթերում:
Նա նաև հավելել է, որ Սիրիան ցավակցում է զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև բարեկամ թուրք ժողովրդին:
Բացի այդ՝ նախարարը նշել է, որ իր երկիրը հարգում է հարևան երկրների սուվերենությունը և նրանց կոչ է արել հարգել Սիրիայինը, ինչպես նաև մեծ ուշադրություն դարձնել համատեղ սահմանների պահպանությանը, որոնք օգտագործվում են զենքի մաքսանենգման և ահաբեկիչների ներթափանցման համար:







































