Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգի դեմ պայքարող մի շարք իսլամիստներ իրենց մասնակցությունը հակամարտությանը դիտարկում են որպես անցումային փուլ Իսրայելի հետ պատերազմի ճանապարհին: Այս մասին հայտնել է հնդիկ լրագրող Կապիլա Կոմիրեդին Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Կոմիրեդին, որը, նախքան Սիրիա գործուղվելը, աշխատել էր Պակիստանում, իսկ այժմ գտնվում է Լոնդոնում, հայտնել է, որ Դամասկոսում շփվել է մի խումբ ապստամբների հետ, որոնց մի մասը եկել են Աֆղանստանից: Այդ մարդիկ հնդիկ լրագրողին պատմել են, որ իրենց գլխավոր նպատակը «հրեաների դեմ պայքարն է»: Լրագրողի գնահատականով՝ Սիրիայում կռվող մի շարք իսլամիստներ Սիրիայում հակամարտությունը դիտում են որպես անցումային փուլ Իսրայելի դեմ պատերազմի ճանապարհին, ինչը համարում են իրենց վերջնական և հիմնական նպատակը:
«Ես չգիտեմ՝ արդյո՞ք այդ հայացքները կիսում են Ասադի կառավարության դեմ կռվող բոլոր ապստամբները»,- հայտարարել է լրագրողը՝ նշելով, սակայն, որ նման տրամադրությունները նկատելի են:
Կոմիրեդին ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դասալիք բրիգադի գեներալ Մանաֆ Տլասը, որը նախկինում մտնում էր Ասադի մոտ շրջապատի մեջ, Արևմուտքի կողմից դիտվում էր որպես Սիրիայի նախագահին հնարավոր փոխարինող: Ընդ որում, Կոմիրեդին «տագնապ» է հայտնել՝ հիշեցնելով, որ Մանաֆի հայրը՝ Մուստաֆա Տլասը, հայտնի հակահրեական է:
Հնդիկ լրագրողը կարծիք է հայտնել, որ սիրիական խնդրի լուծման իրական ճանապարհը խաղաղ բանակցություններն են՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ: Հակառակ դեպքում, եթե Ասադը տապալվի, և նրան փոխարինեն ընդդիմադիրները, Արևմուտքը կարող է ապագայում ստանալ վտանգավոր թշնամի՝ ի դեմս այսօրվա դաշնակիցների, որոնք վտանգ կներկայացնեն Իսրայելի համար:







































