«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ծնունդով ջավախքցի, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը:
– Պարոն Այվազյան, Ձեր կարծիքով` Վրաստանի ընտրություններում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունն ինչո՞ւ պարտվեց:
– Ինձ թվում է, որ վերջին ժամանակաշրջանում արդարադատության համակարգի մասին հրապարակված փաստերը ժողովրդի մոտ կարծիքների լուրջ տեղաշարժ առաջացրեցին: Դա լուրջ ազդեցություն ունեցավ ընտրությունների արդյունքների վրա:
– Մինչ այդ Մ. Սաակաշվիլին ու իր կուսակցությունն ավելի բա՞րձր վարկանիշ ունեին:
– Այո՛, որովհետև կար կատարված աշխատանք, ինչը նույնիսկ Հայաստանի քաղաքացիներիս համար էր տեսանելի:
– Վրաստանի ընտրությունների վրա կա՞ր ռուսական գործոնի ազդեցությունը: Որովհետև կարծիք կա, թե «Վրացական երազանք» քաղաքական կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին կրում է Ռուսաստանի ազդեցությունը:
– Եթե նույնիսկ այդպես լինի, ապա ՌԴ ազդեցությունը չի կարող որոշիչ լինել, որովհետև ազգաբնակչությունը քվեարկում է իր տեսածի համար: Չեմ կարծում, թե Մ. Սաակաշվիլիի թիմը զրկված էր այլ գեոքաղաքական ազդեցությունից՝ ԱՄՆ-ին ու Եվրոպային նկատի ունեմ: Եթե դրսի գործոնը հաշվի առնենք, ապա այն հավասարակշռված է: Իմ կարծիքով` վերջին իրադարձությունները նշանակություն ունեցան:
– Ամեն դեպքում, Վրաստանի ընտրությունների արդյունքները չե՞ն նշանակում, որ ՌԴ-ն փորձում է ետ վերադարձնել Հարավային Կովկասում ունեցած ազդեցությունը: Վրաստանը հստակ արևմտամետ կողմնորոշում ունենալով՝ հավասարակշռում էր այս տարածաշրջանում ուժային կենտրոնների ազդեցությունը:
– Իսկ ինչու՝ ոչ:
– Այսինքն` Արևմուտքն այս տարածաշրջանում չդիմացա՞վ ՌԴ մրցակցությանը, թե՞ Մ. Սաակաշվիլիին արդեն չէին հավատում:
– Չեմ կարող միանշանակ ասել, ամեն դեպքում Վրաստանում իրականացված բարեփոխումները ողջունվել են բոլոր խավերի կողմից: Դա ողջունվում էր նաև մեր ժողովրդի կողմից: Վրաստանում կատարված բարեփոխումները և դրանց իրականացման արագությունը ողջունվում էին բոլորի կողմից: Նրանք կարողացան լրջագույն ձեռքբերումներ ունենալ տնտեսության վերականգնման, հակակոռուպցիոն ծրագրերում, ՀՆԱ/հարկեր հարաբերակցության մեջ: Եթե չեմ սխալվում, վերջին ցուցանիշը Վրաստանում արդեն 26 տոկոս է: Պետական բյուջեից ներդրումների ծավալն է ավելացել, կարծեմ 1,3 մլրդ դոլարից ավելի է: Այսինքն` պետության ակտիվությունը բարձրանում է, երկիրը զարգանում է, ավելանում է միջազգային ենթակառուցվածքային հանգույցների ստեղծումը: Այս բոլոր բաղադրիչները եթե գումարենք, կատարված աշխատանքների հանրագումարը մեծ է լինում: Կա նաև դժգոհություն սոցիալական ապահովության հետ կապված: Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ Վրաստանն իր կատարած բարեփոխումներով ճիշտ ուղու վրա է: Իսկ խաղաղ, կայուն և զարգացող Վրաստանը Հայաստանի համար օգտակար է:
– Այդ բարեփոխումների կրողը կարո՞ղ է կինել Բ. Իվանիշվիլին, հատկապես որ նրա վրա ռուսական ազդեցություն կա:
– Չեմ կարող որևէ ենթադրություն անել: Չեմ կարող նաև ասել, թե նա ամբողջապես ռուսական ազդեցություն է կրում:
– Չե՞ք կարծում, որ այս ընտրությունները ապացուցում են, որ Վրաստանում ժողովրդավարությունը հաստատվում է: Եվ Մ. Սաակաշվիլիի ղեկավարած ուժի պարտությունը Վրաստանի հաղթանակն է, քանի որ ընտրությունների միջոցով իշխանությունն անցավ ընդդիմությանը:
– Այն, որ դա ժողովրդավարական գործընթաց է, և իշխանությունը ընտրությունների միջոցով ձևավորելու միտում կա, դա լրջագույն ձեռքբերում է: Երբ նախագահը հայտարարում է, թե մենք պարտվել ենք ու գնում ենք ընդդիմություն, դա լուրջ առաջընթաց է:
– Ինչը չենք կարող ասել Հայաստանի դեպքում: Մեզ մոտ ընտրությունների արդյունքում ընդդիմությունը իշխանության չի գալիս:
– Դա ձեր կարծիքով, իմ կարծիքով` ստացվել է: Բայց ո՞վ ասեց, թե Հայաստանում ժողովրդավարություն չկա: Հայաստանի դեպքում իշխանության ու ընդդիմության ստացած ձայների քանակը համապատասխանում է ժողովրդի տված ձայներին: Անպայման չէ, որ իշխանություն փոխվի: Չէ՞ որ Սաակաշվիլին արդեն 9 տարի է` ղեկավարում է:
– Ասում են, թե Դուք Ջավախքում ունեցած Ձեր կապերով այս ընտրություններում օգնել եք Մ. Սաակաշվիլիին:
– Ես աջակից եմ եղել: Ջավախքի ժողովուրդը միշտ էլ ավելի շատ իշխանամետ է եղել:
– Հավանաբար ոչ այնքան, քանի որ Ջավախքի ժողովուրդը ավելի շատ ՌԴ հետ է կապված, ու Սաակաշվիլիի քաղաքականության արդյունքում զրկվել է այդ երկրի հետ անմիջական կապից:
– Ջավախքում, համենայնդեպս, հաղթել է իշխող կուսակցությունը:








































