Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական ընդդիմադիր հեռուստաալիքների կողմից բազմիցս ցուցադրված շնորհավորական հայտարարությունը չի պատկանում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: Այս մասին հայտարարել է Սաակաշվիլիի մամլո ծառայության ղեկավար Նատիա Բանձելաձեն:
Վերջինիս խոսքերով՝ Facebook սոցցանցով տարածած Սաակաշվիլիի հայտարարությունը կեղծիք է: Տվյալ հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է, որ Սաակաշվիլին շնորհավորում է ժողովրդին «մեծ հաղթանակի» կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում էր.
«Մենք նպատակամղված այս ճանապարհով գնացել ենք ամբողջ 9 տարի, և այսօր տեղի ունեցավ փաստը՝ Վրաստանը կայացավ որպես ժողովրդավար երկիր: Սրանք Վրաստանի նորագույն պատմության կարևորագույն ընտրություններն էին, որոնց միջոցով մենք ապացուցեցինք, որ արժանի ենք գտնվելու միջազգային հանրության քաղաքակիրթ ընտանիքում»:
Ներկայիս դրությամբ ԿԸՀ-ն հաշվարկել է քվեների 20 տոկոսը: Առաջատարն ընդդիմադիր «Վրացական երազանք» դաշինքն է՝ 53.3 տոկոս, իսկ երկրորդ տեղում՝ իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը՝ 41.5 տոկոս:
Ինչ վերաբերում է մեծամասնական ընտրակարգին, ապա ԿԸՀ-ի տվյալներով՝ 73 միամանդատ օկրուգներից 27-ում հաղթում են իշխող կուսակցության ներկայացուցիչները, իսկ 18-ում՝ ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները: Մնացյալ օկրուգներում դեռ հաշվարկ չի կատարվել։







































