Նոյեմբերյանի ավագանի Վարուժան Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է.
Ընդդիմությունը Վրաստանում հաղթել է: Մեծամասնական – փոքրամասնական թվաբանությունների արդյունքում միգուցե Սահակաշվիլին ստանա ախոռային մեծամասնություն խորհրդարանում, սակայն փաստն այն է, որ Վրաստանը քվեարկեց լճացման դեմ…
Սահակաշվիլիի իշխանության շրջանը, իհարկե, բեկումնային փոփոխությունների ժամանակահատված էր, սակայն, ինչպես ցանկացած նորմալ հասարակությունում, իշխանական բուրգի լճացումը բերում է քաղաքական գարշահոտի, որի առկայության ապացույցներից մեկը վերջին բանտային սկանդալն էր Վրաստանում:
Սահակաշվիլիի իշխանության կարևորագույն ձեռքբերումներից մեկն այն էր, որ վրաց ժողովուրդը ստացավ իր քվեի միջոցով իշխանություն ձևավորելու հնարավորություն:
Չնայած խախտումներին՝ հասարակ վրացու ձայնը տեղ հասավ.
հասարակ վրացին իրեն զգաց իր երկրի տերը…
հասարակ վրացին զգաց միասնականության ուժը…
հասարակ վրացին կանխեց իր Հայրենիքի՝ բռնապետության վերածվելու վտանգը…
հասարակ վրացին չվաճառեց իր քվեն՝ հանուն վաղվա օրվա…
հասարակ վրացին օգտվեց սխալվելու իր իրավունքից. գուցե Իվանաշվիլիի օգտին քվեարկելով՝ նա դանդաղեցրեց բարեփոխումների ընթացքը, սակայն քվեարկելով ազատ և հպարտ՝ նոր թափ հաղորդեց ապագայի Վրաստանի ընթացքին:
Իսկ այստեղ՝ Վրաստանի հարավում, լափամանի շուրջ հավաքված ժողովրդավարության մաքսավորները հավանաբար որոճում են հերթական վիրտուալ անցագրային կետերը, որպեսզի ժողովրդավարության հոսանքները մեր երկիր մտնելիս մուտքի վիզա չստանան: Իսկ լափամանից անդին լորձերը թափելով իրենց որոճման ժամին են սպասում իշխանությունների կույրաղիքները՝ հայկական երազանքը հնարավորինս հարմար գնով վաճառելու համար…
Իսկ այնտեղ՝ իմ բնակավայրից 35 կիլոմետր հեռավորության վրա, կատարվում է վրացական երազանքը…









































