Երևի թե որևէ մեկը չի կասկածում, որ Ազգային ժողովը կբավարարի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը՝ Վարդան Օսկանյանին «Սիվիլիթաս»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Ինչ խոսք, քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, և այս առումով հնարավոր է նաև, որ միջնորդագիրը չբավարարվի` դրանով իսկ, ի հակառակ քաղաքական հետապնդման մասին հայտարարությունների, ցույց տալով, որ իրականում իշխանությունը ամենևին չունի այդպիսի նպատակ: Սակայն դա, իհարկե, տեսական բնույթի դիտարկում է: Հայաստանի իշխանական համակարգը երբեք աչքի չի ընկել քաղաքական ու քարոզչական նման լայնախոհ պատկերացումներով:
Այստեղ արդեն երևի թե անհրաժեշտ է դիտարկել, թե արդյոք ե՞րբ կձերբակալեն Վարդան Օսկանյանին կամ կձերբակալե՞ն ընդհանրապես: Դա կանեն մինչև նախագահական ընտրությունների թեկնածուների առաջադրո՞ւմը, թե՞ Վարդան Օսկանյանը կհասցնի առաջադրվել և, այսպես ասած, վերստին դառնալ անձեռնմխելի:
Այս տեսանկյունից, իհարկե, նշանակություն ունի, թե ներկայիս գործընթացից ինչ հետևություններ կանեն Վարդան Օսկանյանը, «Բարգավաճ Հայաստան»-ը, Ռոբերտ Քոչարյանն ու գուցե նաև Հայ ազգային կոնգրեսը: Այս քառյակը վերջին ամիսներին հանդես է գալիս բավական համագործակցված, ներառյալ թերևս նաև Դաշնակցությունը, հետևաբար իշխանությունները մեկ զարկով, անշուշտ, փորձում են մի քանի նապաստակ խփել: Եթե կպավ, իշխանության, այսինքն` Սերժ Սարգսյանի համար` լավ, իսկ եթե ոչ, ապա երևի թե հարկ կլինի մի «զարկ» էլ անել, որը արդեն, բնականաբար, Վարդան Օսկանյանի ձերբակալությունը կլինի:
Մյուս կողմից, սակայն, այստեղ, իհարկե, դժվար է միանշանակ ասել, որ այս ամենը կարող է սաստող ազդեցություն ունենալ Սերժ Սարգսյանի մրցակիցների համար: Ի վերջո, սա կարող է նաև բումերանգի էֆեկտ ունենալ և մեծացնել մի ձնագունդ, որը կարող է իշխանության վրա գլորվել առաջիկա ձմռան ընթացքում:
Ի վերջո` իշխանությունները դեռ պետք է կարողանան հիմնավորել, որ Օսկանյանը մեղավոր է: Իսկ դա, դատելով համենայնդեպս այդ տեսանկյունից մինչ այժմ եղած գործողություններից, իշխանությունների համար կարծես թե այնքան էլ հեշտ չի լինելու, եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը չունի, այսպես ասած, «գաղտնի զենքեր», որոնք կփորձի կիրառել գործի ծավալմանը զուգահեռ:
Բոլոր դեպքերում ակնհայտ է, որ նախընտրական գործընթացը Հայաստանում հարստանում է ներիշխանական մի շոուով, որը, սակայն, իրականում շատ քիչ կապ ունի Հայաստանի քաղաքացու և պետության խնդիրների ու շահերի հետ: Այսինքն` այս ամենը ուղղակիորեն վկայում է Հայաստանի համար ևս մի դատարկ նախընտրական պրոցեսի մասին:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի







































