Եթե Հայաստանում Մարտի 1-ի նման իրավիճակ կրկնվի, ոստիկանությունը ջանքեր կգործադրի, որ ամեն ինչ անցնի խաղաղ. այս մասին այսօր, լրագրողների հարցին ի պատասխան, ասաց ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Նրա խոսքով՝ ոստիկանությունը ներկայումս գտնվում է բարձր մակարդակի վրա և՛ պատրաստվածության, և՛ ինտելեկտուալ առումով, և ամեն ինչ անելու է, որ ցանկացած հավաք անցկացվի խաղաղ:
«Իսկ եթե հավաքի մասնակիցները օրենքով նախատեսված սահմանները կամ իրենց պարտականությունների սահմաններն անցնեն, ոստիկանությունը պետք է լինի պատրաստվածության բարձր մակարդակի վրա, որպեսզի թույլ չտա նման զանգվածային անկարգություններ»,- ասաց Օսիկյանը:
Փոխոստիկանապետն այսօր մասնակցում էր «Հավաքների ազատություն. իրավական կարգավորումը և գործնական կիրառությունը» խորագրով քննարկմանը: Արթուր Օսիկյանը տեղեկացրեց, որ «Ոստիկանության մասին» օրենքում կատարված փոփոխություններով՝ հավաքների ժամանակ նախատեսված է ուժ կիրառել ծայրահեղ դեպքում միայն: «Հնարավորության դեպքում պետք է բանակցել, իսկ ուժի կիրառումը բացառել»,- ասաց նա:
Ոստիկանությունում ձևավորվում է կարգապահական հանձնաժողով, որը կունենա 11 անդամ՝ 5-ը ոստիկան և 6-ը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Սա, ըստ փոխոստիկանապետի, կնպաստի, որպեսզի ընդունվեն հնարավորինս օբյեկտիվ և համաչափ իրավական ակտեր:
«Ձևավորվա՞ծ է արդյոք Հայաստանում խաղաղ հավաքներ անցկացնելու մշակույթը» հարցին Արթուր Օսիկյանը նման պատասխան տվեց. «Ձևավորված ասելը հարաբերական է այն առումով, որ օրենսդրությունն առկա է, և գոնե վերջին շրջանում կարող եք տեսնել, որ ոստիկանությունը կամ պետական մարմինները պատշաճորեն իրենց լիազորությունները կատարել են:
Իհարկե ժամանակ է պետք, որպեսզի պարբերաբար նման կուլտուրա մշակվի ու ներդրվի, և դա իրագործվի հասարակության կամ հավաքների կազմակերպիչների կողմից: Եթե համեմատենք եվրոպական երկրների հետ, որոնք տասնամյակների կամ հարյուրամյակների փորձ ունեն, զարգացած ինստիտուտներ, մեզ մոտ դեռ անելիք կա»:
Արթուր Օսիկյանը կարծում է, որ հասարակությունը վստահում է ոստիկանին: «Գուցե հասարակաթյան մի փոքր հատված չի վստահում, բայց եթե դինամիկան նայեք, վերջին ժամանակահատվածում վստահորեն կարող եմ ասել, որ վստահությունը բարձրանում է»:








































