Մոջահեդների «Ֆրոնտ Ջաբհատ Ալ-Նուսրա» խմբավորումը համացանցում Սիրիայում Եմենի բանակի առևանգված 5 սպաների մասին տեսանյութ է տեղադրել,- փոխանցում է BBC-ն: Իսլամիստները վկայում են, որ եմենցի զինվորականները ընդդիմադիրների դեմ պայքարում օգնելու համար Սիրիա էին ուղարկվել, որտեղ և գերի են վերցվել:
Տեսանյութում ցուցադրվում են սպաների անձը հաստատող փաստաթղթերը:
Եմենի իրավապաշտպան կազմակերպության տեղեկությամբ` սպաները սովորել են Սիրիայի Հալեպ քաղաքի ռազմական ուսումնարանում: 2012-ի սեպտեմբերի սկզբին զինծառայողների հարազատները հայտնել են, որ նրանք անհետ կորել են:
Հիշեցնենք, որ իշխանությունների և ընդդիմության միջև հակամարտությունը Սիրիայում շարունակվում է 2011-ի մարտից: Պաշտոնական Դամասկոսը պնդում է, որ ժողովրդավարական կարգախոսների քողի ներքո երկրում գործում են «ահաբեկիչների զինված խմբավորումներ»: ՄԱԿ-ի տվյալներով` Սիրիայում հակամարտության զոհ է դարձել ավելի քան 9 000 խաղաղ բնակիչ: Այլ աղբյուրների տվյալներով` զոհերի թիվը հասնում է 21 000-ի:









































