Երեխաների մոտ, որոնք մեծանում են առանց քույրերի ու եղբայրների, ավելորդ քաշի կամ ճարպակալման ռիսկը մյուս երեխաներից բարձր է 50 տոկոսով: Այս եզրակացությունը եվրոպական 8 երկրներում 12700 երեխաների հետազոտման արդյունք է: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
Գիտնականներն ուսումնասիրել են 2-9 տարեկան երեխաների կենսակերպն ու սննդակարգը, ճարպակալման հակումը: Հաշվի են առնվել այնպիսի գործոններ, ինչպիսիք են սեռը, քաշը ծնվելու պահին, ծնողների քաշը և այլն: Ծնողները անկետաներ են լրացրել՝ երեխաների սննդի, հեռուստացույց դիտելու տևողության և նախասիրությունների և մաքուր օդում ազատ ժամանակ անցկացնելու վերաբերյալ:
«Մեր հետազոտությունը ցույց է տվել, որ քույրեր ու եղբայրներ չունեցող երեխաները բակում խաղում են հազվադեպ, ապրում են ցածր կրթամակարդակ ունեցող ընտանիքներում և հեռուստացույցներ ունեն իրենց ննջարաններում»,- հայտնել է Շվեդիայի Գետեբորգի համալսարանի գիտաշխատող Մոնիկա Հանսբերգերը:
Ընտանիքում երեխաների միայնության և քաշի ավելացման միջև պատճառահետևանքային կապն ավելի լավ ուսումնասիրելու համար գիտնականներն այդ ընտանիքներում ևս մեկ հետազոտություն կիրականացնեն հաջորդ տարի:








































