Արժույթի միջազգային հիմնադրամը պատրաստվում է իջեցնել համաշխարհային ՀՆԱ աճի կանխատեսումը: Այս մասին երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած համաժողովում հայտարարել է ԱՄՀ ղեկավար Քրիստին Լագարդը:
«Մենք հետագայում էլ կանխատեսում ենք աստիճանական վերականգնում, սակայն համաշխարհային տնտեսական աճը, ամենայն հավանականությամբ, մի փոքր ավելի թույլ կլինի, քան մենք ակնկալում էինք հուլիսին»,- ասել է նա:
Լագարդի խոսքերով՝ շուկայի համար գլխացավանք են դարձել քաղաքական գործիչները: Ներդրողները համոզված չեն՝ կարո՞ղ են արդյոք նրանք իրականացնել տրված խոստումները,- հաղորդում է Vesti-ն:
ԱՄՀ ղեկավարը նշել է, որ շնորհիվ սեպտեմբերի սկզբին եվրոպացի քաղաքական գործիչների հայտարարությունների՝ ֆինանսական շուկաները իրավիճակի բարելավման հույս ստացան: Եվ այժմ ներդրողները սպասում են ԵՄ առաջնորդների կողմից իրական և համակարգված գործողությունների:
Լագարդը ասել է, որ եվրոգոտում պարտքային ճգնաժամի լուծման հարցում անորոշությունը աճի վերականգնմանը խոչընդոտող հիմնական խնդիրներից մեկն է: ԱՄՀ ղեկավարի ուշադրությունից չի վրիպել նաև ԱՄՆ-ի «ֆիսկալ ճեղքումը»: Հարկերի մեխանիկական բարձրացումը և պետական ծախսերի կրճատումը 2013 թ. լուրջ ռիսկեր կառաջացնեն համաշխարհային տնտեսության համար:
Հուլիսին ԱՄՀ-ն իջեցրել է 2013 թ. համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը մինչև 3.9 տոկոս, իսկ 2012 թ. կանխատեսումը մնացել էր անփոփոխ՝ 3.5 տոկոս մակարդակի վրա:








































