Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները թողարկել են 1.5 միլիարդ դոլարի սուքուք: Սուքուքը շարիաթի երկրներում տարածված ֆինանսական փաստաթուղթ է՝ այսպես կոչված պարտատոմսի իսլամական համարժեքը:
Այս քայլը Թուրքիային հնարավորություն կտա հայտնվել իսլամական ֆինանսների ոլորտի կենտրոնում և պոտենցիալ մուտք ապահովել այլ մուսուլմանական երկրների իսլամական ներդրումային հիմնադրամների տասնյակ միլիարդավոր դոլարներին:
Թուրքիայի իսլամական խոշորագույն բանկի Bank Asya-ի ներկայացուցիչ Իբրահիմ Օյուդուջուն հայտարարել է, որ դա նշանակալից իրադարձություն է Թուրքիայում իսլամական ֆինանսների համար: Չնայած Էրդողանի իսլամական կառավարությունը Թուրքիայում իշխանության է եկել 10 տարի առաջ, Թուրքիայի իշխանությունները ցայժմ զերծ են մնացել իսլամական ֆինանսների ոլորտի նկատմամբ բաց հետաքրքրություն ցուցաբերելուց՝ վախենալով երկրի աշխարհիկ կարգերի դեմ ոտնձգություն գործելու հնարավոր մեղադրանքներից:
Այս առաջին քայլից հետո թուրքական իշխանությունները հուսով են, որ երկրում ի հայտ կգա իսլամական այլ ֆինանսական արտադրանքների նկատմամբ պահանջարկ:









































