Անկախության տոնի առիթով Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հանդիսավոր ընդունելության ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթի առանցքը կազմել է Ղարաբաղի խնդրին ու ադրբեջանցի մարդասպանի պատմությանը վերաբերող մասը: Սերժ Սարգսյանը, չգիտես ինչու, որոշել է Անկախության տոնի առիթով ուղերձի առյուծի բաժինը, և առանցքային բաժինը հատկացնել այդ թեմային` հայտարարելով խաղաղության գործընթացին Հայաստանի հավատարմության մասին: Թե ինչու է Սերժ Սարգսյանը անկախության տարեդարձին որոշել իր ուղերձի հիմնական ասելիքը նվիրել ղարաբաղյան թեմային` մնում է միայն կանխագուշակել: Ըստ երևույթին, սա ակնարկ է այն մասին, որ անկախ Հայաստանի համար առաջիկա զարգացումներում առաջնային պլան կարող է մղվել ղարաբաղյան հարցը, և այդ հարցը կարող է դառնալ Հայաստանի անկախության հանգուցային խնդիրը: Միգուցե Սերժ Սարգսյանը հենց այս նկատառումով էր ելույթի առանցք ընտրել ղարաբաղյան թեման և դրան հատկացրել փոքր ելույթի մեծ մասը:
Ղարաբաղի խնդիրն, իհարկե, եղել է Հայաստանի անկախության ուղեկիցը, անկախությունը հաստատվել է Ղարաբաղի պատերազմին զուգահեռ: Այդ իմաստով, ամենևին նորություն չէ, որ Ղարաբաղի հարցը Հայաստանի անկախության համար ունի հիմնարար նշանակություն: Սակայն, երբ անկախության 21-րդ տարեդարձին Հայաստանի նախագահի ելույթում ընդգծվում է ղարաբաղյան թեման, դա որոշակիորեն հիմք է տալիս ենթադրելու, որ թեման առաջիկայում իսկապես կարող է վճռորոշ լինել անկախ Հայաստանի համար: Մյուս կողմից` պետք չէ բացառել, որ այս ամենը ընդամենը նախընտրական տրամաբանության ներքո է:
Այսինքն, ըստ էության, ղարաբաղյան թեմատիկայում համաշխարհային փոփոխությունների նախադրյալներ չկան, սակայն թեման հարմար է դառնում՝ նաև հենց համաշխարհային ֆոնի պայմաններում նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանի օգտին ծառայեցնելու, և այդպիսով նաև հայրենասիրական կոչերի միջոցով ներքաղաքական իրավիճակը կառավարելու տեսանկյունից: Այս իմաստով, հնարավոր է Սերժ Սարգսյանն ընդամենը օգտագործում է առիթը խնդիրն աստիճանաբար գեներացնելու, հասարակության ականջը վարժեցնելու և նաև մյուս բոլոր սուբյեկտներին կանխարգելելու համար:
Ղարաբաղյան թեման, ամենայն հավանականությամբ, կարող է դառնալ Հայաստանի նախագահական ընտրությունների, այսպես ասած, շոգեքարշը, որի ղեկին նստած կլինի Սերժ Սարգսյանն ու կփորձի հնարավորինս բարձր գին սահմանել «տոմսերի» համար: Այս տեսանկյունից, երևի թե կասկածից վեր է, որ տվյալ պարագայում, երբ ղարաբաղյան հարցը եկել է առաջնային պլան և հատկապես ներքաղաքական խաղարկումների առումով, միակ վճարունակը եղել է նա կամ նրանք, ում ձեռքին է եղել տվյալ պահի ամենամեծ իշխանությունը:









































