1991թ. այս օրը Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով՝ խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։
Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։Այսպիսով, իրականացավ անկախություն ձեռք բերելու հայ ժողովրդի երազանքը։
1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական համաժողովրդական ընտրություններ։ Արդյունքում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը:
1991թ. դեկտեմբերի 8-ին Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին։ Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտի՝ ԱՊՀ-ի կազմավորման մասին։ Միութենական նախկին հանրապետություններից Մինսկի համաձայնագրին առաջինն արձագանքեց Հայաստանի Հանրապետությունը, որը ողջունեց նաև ԱՊՀ-ի ստեղծումը՝ հայտնելով նրան միանալու իր պատրաստակամությունը։
1991թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա Աթայում 11 ինքնիշխան պետություններ (նախկին խորհրդային հանրապետությունները), բացի Վրաստանից (որը մի որոշ ժամանակ անց ստորագրեց) և Մերձբալթյան երեք հանրապետություններից, ստորագրեցին համաձայնագիր՝ ԱՊՀ-ի ստեղծման մասին։ Դրանով իրականացավ ԽՍՀՄ-ի փլուզումը և հանրապետությունների անկախությունը։










































