«Օգոստոսին, երբ հերթական անգամ նախագահականը պարզել էր, որ Հովիկ Աբրահամյանը Եվրասիական միության հետ կապված խաղեր էր սկսել Ռուսաստանի և Հայաստան ժամանած խորհրդարանական էլիտայի հետ, այլևս չէր թաքցրել իր մտադրությունները վերջինիս հանդեպ և բավականին նուրբ հասկացրել էր, որ այդպես շարունակվելու դեպքում նրան կրկին պաշտոնանկություն է սպասվում ավելի շուտ, քան նախատեսված է պլան «ա»-ով: Իսկ պլան «ա»-ն նախատեսում է Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկություն և ընդհանրապես իշխանական բուրգի ամբողջական փոփոխություն նախագահական ընտրություններից անմիջապես հետո»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Պլան «բ»-ով` արագացված պաշտոնանկություն, եթե Աբրահամյանը չհաջողացնի Գագիկ Ծառուկյանին հայտարարություն անել տալ` Սերժ Սարգսյանին պաշտպանելու շուրջ: Սակայն Ծառուկյանը, Մասիսում արած իր հայտարարությամբ, զայրացրել էր Բաղրամյան 26-ին: Հայտարարությունից երկու օր անց Հովիկ Աբրահամյանին հաջողվել էր Գագիկ Ծառուկյանի Առինջի տան այգում, որտեղ Ծառուկյանը հիմնականում հանդիպում է Քոչարյանի հետ, հանդիպում-ընթրիք կազմակերպել Սերժ Սարգսյանի պատվին, որպեսզի Ծառուկյանը նախագահին «ջան» ասի` Հովիկի քավորությամբ, վստահեցումներ տա` ապագայի մասով, ձեռքի հետ էլ Մասիսի ֊քաղաքապետի ԲՀԿ իրենց թեկնածուի կալանավորված որդու մասին ասի. ախր, նախագահ ջան, Վովան շատ է բռնում»:










































