Զիմբաբվեի գերագույն դատարանը վճռել է, որ երկրի վարչապետ Մորգան Ցվանգիրաին չի կարող ամուսնանալ իր սիրեցյալի հետ, քանի որ արդեն կին ունի:
Ինչպես հաղորդում է BBC-ն, հարսանեկան արարողությունը պետք է տեղի ունենար այսօր:
Ցվանգիրաիի փաստաբանները հայտնել են, որ ըստ դատավորների՝ վարչապետն արդեն մեկ անգամ ամուսնացել է ցեղի օրենքների համաձայն և հարսնացուի համար գումար է վճարել:
Ավելի վաղ Զիմբաբվեի դատարանը թույլատրել էր վարչապետին ամուսնանալ՝ նրա նախկին կնոջ հավակնությունները համարելով անտեղի: Կինը պնդում էր, որ քաղաքական գործիչն իր հետ ամուսնացել է ազգային ծեսով՝ շրջանցելով իրավական գործընթացները: Դատավորն այդ ժամանակ վճռել էր, որ հարսանեկան ծեսերն առանց իրավական ամրագրման օրինական ուժ չունեն:
BBC-ի թղթակիցը նշում է, որ վերջին շրջանում Զիմբաբվեում ուշադրության կենտրոնում է հայտնվել վարչապետի անձնական կյանքը, իսկ մյուս կողմից շարունակվում է նրա քաղաքական պայքարը նախագահ Ռոբերտ Մուգաբեի հետ: Ուշագրավ է, որ Ցվանգիրաիի ընտրյալը Մուգաբեի համախոհներից մեկի դուստրն է: