Ծանր տնտեսական ճգնաժամի մեջ գտնվող Հունաստանի իշխանությունները, որպես երկրի տնտեսական դրության բարելավման միջոց, ուսումնասիրել են Իսրայելին իրենց կղզիները վարձակալության տալու տարբերակը՝ այնտեղ ռազմաբազաներ տեղակայելու համար: Այս տեղեկությունը հաստատել է Իսրայելի ղեկավարությունը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ուսումնասիրել է հունական կղզիներից մեկում ռազմածովային բազաներ տեղակայելու տարբերակը, սակայն դա նպատակահարմար չի համարել:
Հունաստանն իր հերթին չի բացառում տասնյակ կղզիներ բազմամյա վարձակալման տալու հնարավորությունը՝ պետական գանձարանը լցնելու նպատակով: Մոտ երկու շաբաթ առաջ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը կարգադրել էր մշակել Հունաստանից գնած կամ վարձակալած կղզում ռազմածովային ուժերի ուսումնական բազա տեղակայելու հարցը:
«Նախարարը կարգադրել էր մշակել այդպիսի հնարավորություն, իսկ ավելի ուշ եզրակացվեց, որ նման անհրաժեշտություն չկա: Հարցն այլևս արդիական չէ»,- ասել է Իսրայելի ՊՆ-ն:
Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում Հունաստանի մասնավորեցման գործակալության տնօրեն Անդրեաս Տապրանցիսը հայտնել է, որ գերատեսչության մասնագետներն առանձնացրել են 40 անմարդաբնակ կղզիներ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում զբոսաշրջության տեսանկյունից և կարող են վարձակալության տրվել 30-50 տարով: Նա նշել է, որ դրա համար անհրաժեշտ է համապատասխան օրենք:










































