Այսօր տեղի է ունեցել Տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը, որը վարում էր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ նիստում ներկայացվել են աղբահանության և նախադպրոցական հաստատությունների գործունեության մասով տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման գործընթացի ուսումնասիրության արդյունքները:
Փոխվարչապետը հանձնարարել է լրամշակել կատարված ուսումնասիրությունները` առաջարկելով մանրամասն ներկայացնել համայնքներում աղբավայրերի շահագործման հետ կապված իրավիճակը, դրանց շահագործման համար անհրաժեշտ օրենսդրական ընթացակարգերը, ինչպես նաև ներկայացնել կոնկրետ առաջարկություններ` բացահայտված խնդիրների կարգավորման վերաբերյալ: Նա առաջարկել է նաև հաշվի առնել խնդրի առնչությամբ վերջերս պատգամավորների կողմից հնչեցված հարցադրումները:
Նիստում ներկայացվել է նաև տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների շրջանակի ընդհանուր բնութագրին առնչվող օրենսդրական դաշտի գնահատման և ուսումնասիրության արդյունքները: Նշվել է, որ գնահատումը կատարվել է պարտադիր, պատվիրակած, կամավոր լիազորությունների տարանջատման տեսանկյունից, հաշվի է առնվել նաև միջազգային փորձը:
Փոխվարչապետը հանձնարարել է լրամշակել նաև այս փաստաթուղթը` ներկայացնելով կոնկրետ առաջարկներ և միջոցառումների ծրագիր: Նա կոլեգիայի անդամներին ևս հորդորել է մասնակցություն ունենալ այդ աշխատանքներին:
Կոլեգիան ի գիտություն է ընդունել զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառում Տարածքային կառավարման նախարարության կողմից կատարված աշխատանքների մասին տեղեկանքը: Նշվեց, որ աշխատանքներն սկսվել են իրականացվել դեռևս 2010թ-ից: Մասնավորապես համայնքում բնակվող զինապարտների գրանցամատյանների վարման գործընթացը հնարավորինս պատշաճ կազմակերպելու նպատակով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածից բխող համապատասխան պարտականությունները սահմանվել են համայնքային առանձին ծառայողների պաշտոնների անձնագրերով:
Բոլոր մարզպետներին հանձնարարվել է բացահայտել ոլորտում առկա թերությունները և միջոցներ ձեռնարկել դրանք վերացնելու ուղղությամբ:
«Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքում բնակվող զինապարտների գրանցամատյանների վարման մեթոդական ուղեցույց»-ը հաստատվելուց հետո Տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչների կողմից մարզերում հրավիրվել են տարածաշրջանային խորհրդակցություններ, քննարկվել են գրանցամատյանների վարման գործընթացի վերաբերյալ ՏԻՄ-երի կողմից բարձրացված խնդիրները, տրվել են համապատասխան լուծումներ:
Վերոնշյալ գործողությունների արդյունքում ներկայումս բոլոր համայնքներում ստեղծվել են զինապարտ քաղաքացիների գրանցամատյաններ, իսկ դրանց վարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է մարզպետարանների կողմից:
Փոխվարչապետը հանձնարարել է, որպեսզի թե ՏԿ նախարարությունը, թե մարզպետարանները շարունակեն ուշադրության կենտրոնում պահել այս ոլորտում կատարվող աշխատանքները:










































