Facebook սոցիալական ցանցն աշխատում է սեփական «սոցիալական» որոնողական համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այս մասին ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է TechCrunch Disrupt կոնֆերանսի ժամանակ՝ նշելով, որ սոցիալական ցանցը մտադիր է մտնել ինտերնետ-որոնման բիզնես:
Facebook-ի կողմից օնլայն-որոնման բիզնես սկսելու ծրագրերի մասին շշուկներ տարածվում են արդեն մի քանի տարի: Այս տարվա մարտին հայտնի դարձավ ցանցի գաղտնի նախագծի մասին, որի վրա աշխատում են 2 տասնյակ մարդիկ՝ Google-ի նախկին ինժեներ-ծրագրավորող Լարս Ռասմուսենի գլխավորությամբ:
Նախագծի նպատակն է բարելավել կարգավիճակների, նշումների, տեսանյութերի, կայքի և համացանցի այլ բովանդակության նյութերի որոնումները: Ներկայում Facebook-ի որոնումը հիմնված է Microsoft-ի Bing տեխնոլոգիայի վրա: Այն թույլ է տալիս գտնել ընկերներին և բրենդների էջերը, սակայն բարդ հարցումներ չի իրականացնում:
Ցուկերբերգի խոսքով՝ որոնումը կպատասխանի նաև օգտատերերի հարցերին:










































