Չինաստանը սուզանավերի դեմ պայքարի համար նախատեսված երկու նավ է ուղարկել Արևելաչինական արշիպելագ, որը դարձել է Ճապոնիայի հետ տարածքային վեճի առարկա: Այս մասին այսօր հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով «Սինխուա» գործակալությանը:
Նավերը, ըստ չինական գործակալության տարածած հաղորդագրության, ուղարկվել են կղզիներ՝ «սուվերենիտետի պահպանման համար»:
Սենկակու (չինական անվանումը՝ Դյոյույտայ) անմարդաբնակ կղզիները Չինաստանի ու Ճապոնիայի վեճի առարկա դարձան այն բանից հետո, երբ շելֆում հայտնաբերվեց ածխաջրածինների մեծ պաշար:
Երկու երկրներն էլ ապացուցում են իրենց իրավունքն այդ տարածքների նկատմամբ՝ հենվելով միջազգային այս կամ այն պայմանագրերի վրա:







































