Շաբաթ-կիրակի հայ հանրությունը «ըմբոշխնում էրե Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո) արտանետած հերթական գլուխգործոցը: Բազմաթիվ կայքերում հրապարակվել էր «Նյուվել դ Արմենիի» («Les Nouvelles d`Armenieե) թղթակից Սեդա Մավյանի ծավալուն հարցազրույցը նրա հետ: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ ովքեր ծանոթ են Հայրապետյանի «կյանքին և գործունեությանը», նրա անձի նկարագրի մեջ ոչ մի նոր բան, ընդհանուր առմամբ, չէին գտնի: Պարզապես կրկին կհամոզվեին, որ չկա մի սահման, որից Ռուբեն Հայրապետյանը չի կարող անցնել: Չկա այդպիսի սահման:
Ու մեծ հաշվով էական չէ, թե ինչ բառերով կամ գործողություններով Նեմեցը կրկին ու կրկին դա կապացուցի: Օրինակ` նորություն չէ, որ Նեմեցը հարձակվում է Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, ինչ-որ լեգենդներ է պատմում իր դեմ կազմակերպված սպանության մասին: Բայց հարցազրույցում նա «բոչկա է գլորում» նաև Ռոբերտ Քոչարյանի վրա, ինչը նշանակում է, որ իրերի այլ դասավորության դեպքում նույնը, առանց որևէ բարդույթի, պատրաստ է անել նաև Սերժ Սարգսյանի նկատմամբ, որին գովերգելու համար հիմա ջանք ու եռանդ չի խնայում: Հարցազրույցում նա «բոչկա է գլորում» նաև «Բարգավաճ Հայաստանի» և նրա ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի վրա` անվանելով նրան Դոդի Գագո: «Եվ ո՞վ է ֆինանսավորում նրանց. Դոդի Գագոն: Այ այդպես: Ո՞վ չի հասկանում, թե սա ինչ է… Պիտի թուլացնեն, խայտառակեն, վարկաբեկեն Սերժ Սարգսյանի հավատարիմ մարդկանց, որպեսզի «Բարգավաճ Հայաստանը» Ռոբերտ Քոչարյանի հետ գա իշխանության: Ո՞ւմ համար պարզ չէ: Ոհմակ են Բարգավաճ, Լևոն, բոլորը միավորվել են…»,- ասում է Նեմեցը: Հենց նույն օրը Հայրապետյանը հերքում է, որ նման բան է ասել: ««Նյուվել դ՚Արմենիիի» հարցազրույցը հայկական կայքերում վերատպելուց հետո ` հենց նույն օրը տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուբեն Հայրապետյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, և Ռուբեն Հայրապետյանը վստահեցրել է, որ ինքը ոչ կոռեկտ որևէ արտահայտություն, որևէ ձևակերպում ոչ «Բարգավաճ Հայաստանի», ոչ Գագիկ Ծառուկյանի հասցեին չի արել, և տվյալ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը, և ասել է, որ մենք դա կարող ենք հրապարակել իր անունից»,- երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
«Մի կողմ թողնենք այն, որ ամսագրի թղթակիցը` Սեդա Մավյանը, պարզապես փայլում էիր պրոֆեսիոնալիզմով: Բայց ունենալով թերթերին դատի տալու հարուստ փորձ` Նեմեցը կարող է դատի տալ «Նյուվել դ՚Սրմենիին»: Կտա՞: Չի տա: Ուստի կարելի է արձանագրել, որ Նեմեցը ասել է այն ամենը, ինչ արձանագրված է հարցազրույցում: Եվ այստեղ հետաքրքիր զարգացում է սպասվում: Ինչ կլինի, եթե ամսագիրը հրապարակի հարցազրույցի ձայնագրությունը: Ամսագիրը առայժմ դա չի անում: Ակնհայտ է, որ եթե հանկարծ ձայնագրությունը, ասենք, «տեխնիկական պատճառներով» անհետանա, ապա դա կլինի ՀՀ իշխանությունների և ամսագրի ղեկավարության միջև կայացած պայմանավորվածության արդյունք»:










































