Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը ստանձնել է մայիսին տեղի ունեցած խորհրդարանական և նախագահական ընտրություններում իր ղեկավարած ժողովրդավարական կուսակցության պարտության հիմնական պատասխանատվությունը և նոյեմբերի 10-ին նշանակել է կուսակցության համագումար: Այս մասին գրել են սերբական գործակալությունները:
Բորիս Տադիչը Սերբիայի նախագահ է եղել 2004-2012թթ.: Մայիսին տեղի ունեցած ընտրություններում նա պարտություն կրեց Սերբական առաջադեմ կուսակցության ղեկավար Թոմիսլավ Նիկոլիչին, որը և դարձավ երկրի ղեկավար:
«Նոյեմբերի 10-ին պետք է որոշվի կուսակցության զարգացման ուղղությունը»,- ասել է Տադիչը: Նա նաև ընդգծել է, որ կուսակցության ղեկավարությունը պետք է ընտրվի ուղիղ քվեարկության միջոցով:
Թադիչի խոսքով` անհարժեշտ է որոշել ծրագիր և վերակառուցել կուսակցությունը: Երկրի նախկին առաջնորդը ստանձնել է վերջին ընտրություններում կուսակցության կրած պարտության հիմնական պատասխանատվությունը` հավելելով, որ առաջիկայում կսահմանվի նաև փոխնախագահների և կուսակցության այլ անդամների մեղքի աստիճանը:
Ժողովրդավարական կուսակցության ղեկավարի խոսքով` նա պատասխանատու է կադրային մի շարք սխալների համար: Քաղաքական գործիչն ընդունել է նաև, որ ինքը խնայել է որոշ նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց անունները կապվում են կոռուպցիայի հետ:
Տադիչն ասել է, որ ցանկացել է մայիսի 20-ին լքել կուսակցության ղեկավարի պաշտոնը, սակայն հրաժարվել է այդ մտքից կուսակցության նախագահության պնդմամբ:







































