Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները վաղաժամ անցկացնելու ժամկետը: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) վաղաժամ ընտրություններ անցկացնելու շուրջ պայմանավորվել էր խորհրդարանում ներկայացված երկրորդ հիմնական ընդդիմադիր ուժի՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) հետ:
Պայմանավորվածության համաձայն՝ որոշվել էր ՏԻՄ ընտրություններն անցկացնել ոչ թե 2014 թվականի մարտին, այլ՝ 2013 թվականի հոկտեմբերի 27-ին: ԱԶԿ-ն ու ԱՇԿ-ն այդ առաջարկն ուղարկել են հիմնական ընդդիմադիր ուժին՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ)՝ ստանալու համար նրա համաձայնությունը: Սակայն ԺՀԿ-ն առաջարկել է ՏԻՄ վաղաժամ ընտրություններն անցկացնել ոչ թե հոկտեմբերի 27-ին, այլ՝ նոյեմբերի 3-ին:
ԺՀԿ-ն իր դիրքորոշումը բացատրել է նրանով, որ հոկտեմբերի 27-ը կիրակի է, իսկ հոկտեմբերի 29-ին երկրում նշվում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման օրը, և որ խնդիրներ կարող են առաջանալ մարդկանց հանգստի հետ կապված: Սակայն ԺՀԿ առաջարկը չի ընդունվել, և ՏԻՄ ընտրությունների անցկացման ժամկետ է սահմանվել 2013 թվականի հոկտեմբերի 27-ը:







































