Ղրղզստանում ավարտվել է ԱՊՀ երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների ղեկավարների խորհրդի 12–րդ համագումարը, որին մասնակցում էր ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
Վերահսկիչների ուշադրության կենտրոնում այս անգամ եղել է էներգետիկ համակարգը:
Ռազմավարական նշանակություն ունեցող այդ կարևոր ոլորտում ԱՊՀ վերահսկիչ պալատներն առաջիկա տարիներին կիրականացնեն մի շարք համատեղ և զուգահեռ վերահսկողական միջոցառումներ ու խորհրդակցություններ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության շրջանակներում:
Վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունից հայտնում են, որ համագումարի ընթացքում ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի հետ պայմանավորվել են մինչև նոյեմբեր հանդիպել Երևանում: Երկու վերահսկիչ կառույցները համատեղ նիստում կհաստատեն Հայաստան-Ռուսաստան պարենային ապրանքների ներմուծման և արտահանման կարգավորման հարցերի համատեղ վերահսկողության արդյունքները:
Երևանում Իշխան Զաքարյանն ու Սերգեյ Ստեպաշինը կստորագրեն նաև 2013-2015 թվականների համագործակցության հերթական ծրագիրը:







































