ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ սեպտեմբերի 4-ին կայացել է խորհրդակցության ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ներկայացրել է մարզերում բուժհաստատությունների արդյունավետ գործունեության վերաբերյալ մոտեցումները, անդրադարձել առաջիկա անելիքներին:
Նախարարը տեղեկություններ է ներկայացրել մարզերի առողջապահական կազմակերպությունների ֆինանսական վիճակի վերաբերյալ` մասնավորապես նշելով, որ օգոստոսի 20-ի դրությամբ առկա է 291, 8 մլն դրամի կրեդիտորական պարտք, որը ակնկալվում է մարել մինչև տարեվերջ: Նա անդրադարձել է նաև իրավիճակի բարելավման ուղղությամբ իրականացված միջոցառումներին` մասնավորապես նշելով օգոստոսի 1-ից մարզերում ծննդօգնության համար միջոցների ավելացումը: 2013թ-ին նախատեսվում է ավելացնել նաև մարզերի համար բուժօգնության ֆինանսավորման ծավալը: Նախարարը խոսեց նաև մարզերում արդեն մեկնարկած կամ առաջիկայում մեկնարկելիք առողջապահական հաստատությունների շինարարական ծրագրերի մասին. նշվել է, որ մի շարք քաղաքներում` Մեղրիում, Բերդում, Կապանում, Ալավերդիում, Վանաձորում կկառուցվեն կամ կվերանորոգվեն բուժհաստատությունները, Գավառում և Գորիսում` դիահերձարանները, իսկ տասներկու գյուղական համայնքներ կունենան ամբուլատորիաներ: Նախարարության ուշադրության կենտրոնում են նաև հիվանդանոցների տարածքների արդյունավետ օգտագործման, կադրերով և սարքավորումներով ապահովվածության հարցերը: Առանձին քննարկման առարկա են դարձել մարզային բուժհաստատությունները մասնագետ կադրերով ապահովելու, ինչպես նաև առողջապահական հիմնարկների օպտիմալ կառուցվածք ձևավորելու հետ կապված հարցերը:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է մարզային բուժհաստատությունների ֆինանսական վիճակի հետ կապված հարցերն ուշադրության կենտրոնում պահել, հատկապես նրանց կողմից հարկային պարտավորությունները կատարելու մասով, և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել նախարարությանը` առկա խնդիրների լուծման հարցում:
Խորհրդակցությանը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ քննարկվել են բերքի իրացման, հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական պարարտանյութի և դիզելային վառելանյութի տրամադրման պետական աջակցության ծրագրերի իրականացման, ինչպես նաև ցորենի սերմացուի բաշխման գործընթացներին առնչվող հարցեր:
Նախարարը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական մթերքի արտահանման ծավալն արդեն գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը. եթե անցյալ տարի ընդհանուր առմամբ արտահանվել էր շուրջ 16 հազ. տոննա պտուղ-բանջարեղեն, ապա այս տարի` արդեն 17, 8 հազ. տոննա: Վերջին օրերին սկսվել է նաև կարտոֆիլի, կաղամբի, ճակնդեղի արտահանումը: Նա վստահեցրեց, որ մթերման հետ կապված խնդիրներ ևս չկան. պայմանավորվածություններ են ձեռք բերվել մթերող կազմակերպությունների հետ` ինչպես մթերքի ընդունման ծավալների, այնպես էլ ժամանակին վճարումների հետ կապված:
Արդեն մեկնարկել են նաև դիզվառելիքի և պարարտանյութերի բաշխման աշխատանքները, պայմանագրերի կնքման և գումարների հավաքագրման հարցում նախարարը կարևորեց մարզպետների աջակցությունը: Նշվել է, որ ընթացքում են նաև էլիտային սերմացուի բաշխման, առաջին վերարտադրության սերմացուի դիմաց ֆինանսական պարտավորությունների կատարման աշխատանքները:
Փոխվարչապետը մարզպետներին հորդորել է աջակցել գյուղնախարարությանը աշխատանքների կազմակերպման հարցում, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել մթերման գործընթացը:
Ոռոգման կազմակերպման աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ է ներկայացրել ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Հաշվի առնելով սակավաջուր տարվա հետ կապված դժվարությունները, հիմնականում Արարատյան դաշտավայրում ջրամատակարարումն իրականացվում է ժամանակացույցով, սակայն արդեն սեպտեմբերի 15-ից ջրապահանջարկը կնվազի: Նշվել է, որ Սևանա լճից արդեն վերցվել է 287 մլն խմ ջուր:
Փոխվարչապետը ևս մեկ անգամ անդրադարձել է ոռոգման արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությանը` կարևորելով աշնան գյուղատնտեսական աշխատանքների համար գյուղացիական տնտեսությունների համար պահանջարկի բավարարման հանգամանքը:
Խորհրդակցությանը կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մարզպետներին տեղեկացրել է հանրակրթական ոլորտում ուսումնասիրությունների նպատակով աշխատանքային խմբի ստեղծման մասին: Մասնավորապես կատարվելու են աշակերտների թվի, դպրոցների տարածքների արդյունավետ օգտագործման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ ուսումնասիրություններ: Աշխատանքային խմբում յուրաքանչյուր մարզ պետք է ունենա նաև իր ներկայացուցիչը, և փոխվարչապետը հանձնարարեց սեղմ ժամկետներում թեկնածուներ ներկայացնել: Ա. Աշոտյանն անդրադարձավ նաև մարզերում հաճախ բարձրացվող` մանկավարժների դրույքաչափը շաբաթական 22-ից 18-ժամյա դարձնելու հարցին, նշելով, որ այն բազմիցս քննարկվել և որոշվել է պահպանել գործող չափը: Խորհրդակցությանը քննարկվեցին նաև որոշ կրթական հաստատությունների պահպանման ծախսերի ֆինանսավորման հետ կապված հարցեր:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն անդրադարձավ մարզերից 2013թ. բյուջետային հայտերի ներկայացման գործընթացին` առաջարկելով նաև համայնքներին տրամադրվող դոտացիաների հաշվարկման համար անհրաժեշտ ճշգրտված տվյալներ ներկայացնել: Նա նաև տեղեկացրեց, որ 2013թ. բյուջետային հիմնական հատկացումները լինելու են Միջնաժամկետ ծախսային ծրագրին համապատասխան:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլի ընթացքին վերաբերող հարցեր: Նշվել է, որ երկրորդ փուլով աշխատանքները կատարվել են շուրջ 98 տոկոսով, երրորդ փուլով կատարված շինարարական աշխատանքների ֆիզիկական ծավալը կազմում է մոտ 51,4 տոկոս, ընդհանուր առմամբ իրականացվում է 406 ծրագիր` 400-ից ավելի համայնքներում:
Օրակարգում են եղել նաև առաջիկայում նախատեսվող միջոցառումների կազմակերպման ու անցկացման հարցերը: Հոկտեմբերի 5-6-ը Ջերմուկում տեղի կունենա Գյուղական համայնքների երկրորդ համաժողովը, որի շրջանակում ոլորտում ներգրավված բոլոր կողմերի մասնակցությամբ կքննարկվեն համայնքային զարգացման ամենահրատապ թեմաները:
Հոկտեմբերի կեսերին նախատեսվում է հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցության երկրորդ համաժողովի անցկացումը: Փոխվարչապետը կարևորել է մարզերի ակտիվ մասնակցությունը համաժողովին` նշելով, որ այն լավ հնարավորություն է ռուսաստանցի գործընկերների հետ փոխգործակցության կոնկրետ ծրագրեր, համագործակցության նոր առաջարկներ ներկայացնելու, եղած կապերի ակտիվացման հեռանկարներն ուրվագծելու համար:
Փոխվարչապետն անդրադարձել է նաև սեպտեմբերի 9-ին և 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին` կարևորելով գործընթացի պատշաճ կազմակերպումը: Նա նաև տեղեկացրել է, որ ընտրությունների ընթացքին հետևելու են ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի դիտորդները:
Քննարկվել են նաև Հայաստանի անկախության 21-ամյակի կապակցությամբ մարզերում նախատեսվող տոնական միջոցառումների և դրանց պատշաճ մակարդակով անցկացման հարցեր:
Անդրադարձ է եղել նաև զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի բնագավառներում տարածքային կառավարման և ՏԻ մարմինների գործառույթների կատարմանը վերաբերող և մի շարք այլ հարցերի:







































