Սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արգենտինայի արտաքին գործերի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանին: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Ողջունելով նախարարին` պարոն Աբրահամյանը նշեց, որ նրա այցը Հայաստան նոր լիցք կհաղորդի երկու եկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԺ նախագահի խոսքով` Հայաստանը կարևորում է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության դինամիկ զարգացումը և հետաքրքված է Լատինական Ամերիկայի երկրների, մասնավորապես` Արգենտինայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ և խորացմամբ: Հովիկ Աբրահամյանը կարեորեց միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը` նշելով, որ երկու երկրների խորհրդարաններում ստեղծված պատգամավորական բարեկամության խմբերը միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման կարևոր հիմք կարող են հանդիսանալ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը կարևոր է համարել նաև համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Արգենտինայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ իր երկիրը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ բազմակողմ համագործակցության զարգացմանը` այս համատեքստում կարևորելով միջխորհրդարանական կապերի ակտիվացումը: Երկկողմ հարաբերությունների խորացմանը նպաստում է նաև հայ համայնքը, որը, նախարարի խոսքով, մեծ ներդրում ունի Արգենտինայի տնտեսության և այլ ոլորտների զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև ԼՂ հիմնախնդրին` երկուստեք շեշտելով, որ այն պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:







































