Բժիշկները խորհուրդ են տալիս քնելուց 2 ժամ առաջ դադարեցնել բջջային հեռախոսների ու պլանշետային համակարգիչների օգտագործումը: Այս կանոնին չհետևելու դեպքում կարող եք խնդիրներ ունենալ առողջության հետ:
Նյու Յորքի Rensselaer Polytechnic Institute-ի հետազոտողները եկել են այն եզրակացության, որ քնելուց առաջ այդ տեխնիկայի օգտագործումը քնի հետ կապված խնդիրներ է առաջացնում` նպաստելով ճարպակալմանը, երկրորդ կարգի շաքարախտի և նույնիսկ կրծքագեղձի չարորակ գոյացության առաջացմանը:
Պատճառն այն է, որ հեռախոսի կամ պլանշետային համակարգչի էկրանի ճառագայթումը բացասաբար է ազդում մարդու օրգանիզմում մելատոնինի արտադրության վրա: Մելատոնինը օրվա մութ ժամանակահատվածում տեղեկացնում է օրգանիզմին հանգստանալու անհրաժեշտության մասին: Սակայն այդ սարքավորումների ազդեցության պատճառով մելատոնինի գործառույթը դանդաղում է կամ նույնիսկ չի կատարվում:









































