«Երեսուներկու տարի Եվրոպայում ապրելուց հետո չեմ զարմանում այս վարքագծի վրա: Մենք պիտի վերջապես մի բան հասկանանք. մեր սիրուն աչքերի համար ոչ ոք մեզ համար ոչ մի բան չի անի: Երևի ամբողջ գիշեր չեմ քնել, այնքան վրդովված էի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց դերասան Նարեկ Դուրյանը: Ըստ նրա` Ռամիլ Սաֆարովի արտահանձնումով նորից ապացուցվեց, որ Եվրոպան մնում է Եվրոպա. «Ոնց որ ասում է Շառլ Ազնավուրը իր երգի մեջ, երբ դուք ջազ էիք լսում և պարահանդեսներում պարում, մի ողջ ժողովուրդ էր կոտորվում: Ես չգիտեմ` որքանով մեր կառավարությունը ինչ բաց թողեց, որտեղ բաց թողեց, ինչպես եղավ, բայց վստահ եմ, որ եթե այնտեղ փող ու նավթ է պտտվել, պիտի այդպես լիներ: Նույնն էլ Ֆրանսիայում Ցեղասպանության դատապարտման օրինագծի ընդունումն էր Սենատի կողմից: Վերջում թուրքերը խաղ խաղացին, և չընդունվեց բանաձևը»:
Դերասանն ասաց նաև, որ ինչ-որ բում հաստատ կլինի, որովհետև մի քիչ շատ է` մարդասպանին տանել ու միանգամից հերոսացնել: Նրա կարծիքով` եթե մի հրեայի մի արաբ սպանած լիներ, ու Հունգարիան վերադարձներ արաբին իր երկիր, հրեաները կռմբակոծեին Հունգարիան:
Նարեկ Դուրյանը նաև վստահ է, որ եվրոպացիներն ամեն ինչի ընդունակ են. «Ամեն ինչ եվրոպացիներից սպասելի է: Նրանք 5 դոլարի համար իրենց մորն էլ կծախեն: Ինչո՞ւ են մարդիկ կամաց-կամաց փախչում Եվրոպայից, կամ որ ասում են` լավ չի, ինչի՞ եք եկել… Ախր հարցը մենակ պանրի ու կոկա-կոլայի էժանությունը չէ, մարդկային շփում կա, երեխայի դաստիարակություն, ապահովություն, ծերերի հանդեպ հարգանք»,- եզրափակեց դերասանը:







































