Ուրբաթ առավոտյան 10-ամյա բանտարկությունից հետո ազատ է արձակվել 62-ամյա չինացի այլադավան Վան Սյաոնինը: Նա հայտարարել է, որ բանտարկվել է այն բանից հետո, երբ Չինաստանի իշխանությունների խնդրանքով Yahoo! ընկերությունն իր նամակագրությունը հանձնել է օրինապահ մարմիններին:
Վան Սյաոնինը ձերբակալվել էր 2002-ի սեպտեմբերի 1-ին: Նա մեղադրվել էր «պետական իշխանության դեմ վնասակար գործունեություն ծավալելու մեջ»: Մեղադրանքի համար հիմք են դարձել դեմոկրատական բարեփոխումների նրա կոչերը և Չինաստանում միակուսակցական համակարգի քննադատությունը, որոնք Վան Սյաոնինը տարածում էր Yahoo!-ի փոստային ծառայության միջոցով: Նա ստիպված է եղել կրել սահմանված ամբողջ պատիժը, քանի որ, նրա կնոջ փոխանցմամբ` չնայած բանտի ղեկավարների ճնշումներին, այդպես էլ չի խոստովանել իր մեղքը:
Ազատվելուց հետո Սյաոնինն իրավունք չունի մամուլում հայտարարություններ անելու, բողոքի ակցիաների և ցույցերի մասնակցելու:










































