Չեխիայի ռազմաօդային ուժերի զինծառայողները Baltic Air Policing-2012 առաքելության շրջանակներում Լեհաստանից ընդունել են Բալթյան երկրների օդային տարածքը պահպանելու «հերթափոխը»: Այս մասին տեղեկացնում է չեխական ЧТК տեղեկատվական գործակալությունը:
Սիմվոլիկ «հերթափոխը» տեղի է ունեցել Լիտվայի ռազմական բազայում` Շաուլյայում: Արարողությանը մասնակցել են Չեխիայի և Լիտվայի պաշտպանության նախարարները` Ալեքսանդր Վոնդրան և Ռասա Յուկնյավիչենեն:
Հաջորդ 4 ամիսներին Չեխիայի ռազմաօդային ուժերը կպահպանեն Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի օդային տարածքը: Այդ երկրները համապատասխան ռազմական տեխնիկա չունեն իրենց օդային տարածքը պահպանելու համար: Չեխական բանակն արդեն երկրորդ անգամ է մասնակցում այս ծրագրին:







































