«Հրապարակ»-ը, անդրադառնալով քնած Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար ցմահ դատապարտված ազերի սպա Ռամիլ Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելու փաստին, գրում է. «Կատարվածը նոր, գուցեև շրջադարձային փուլ է ազդարարելու մեր դիվանագիտության համար, որում, երբ կրքերը հանդարտվեն, գուցեև Հունգարիայի այսօրվա քայլն արժեքավոր խաղաքարտ դառնա հայ դիվանագետների ձեռքին, և ամեն ինչ կախված է լինելու իրավիճակն ի շահ Հայաստանի խաղարկելու նրանց հմտությունից:
Իսկ առայժմ պետք է ընդունել, որ մենք քարշ ենք գալիս իրադարձությունների հետևից: Հունգարական ներողամտությունն անակնկալ էր մերոնց համար: Դժվար է անգամ պատկերացնել, թե ինչ ծավալի և գումարային արտահայտության ջանքեր է թափել Ադրբեջան պետությունն ու դիվանագետները` մարդասպանին ազատելու համար: Անշուշտ, նախապատրաստական աշխատանքը մեկ օրում չի կատարվել, սակայն ո’չ մեր դեսպանատունը, ո’չ էլ անվտանգության մարմինները, փաստորեն, պատրաստ չեն եղել կատարվածին, չեն աշխատել, տեղում չեն եղել՝ ո’չ տեղեկություններ են ունեցել բանակցությունների մասին, ո’չ համարժեք գործողություններ են մշակել` կանխելու մեզ համար անցանկալի զարգացումը»:










































