Այնպես էր ստացվել, որ Կոտայքի մարզի երկու բնակիչները զինվորական ծառայության էին անցել Մարտակերտի միևնույն զորամասում, և երկուսն էլ այժմ դատվում են:
Նրանցից կոչումով շարքային,19-ամյա Դավիթ Հակոբյանը այս տարվա հունվարի 31-ին, առավոտյան ընդգրկված է եղել զորամասի ճաշարանում սննդամթերք դատարկելու աշխատանքներում, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ միտումնավոր, թե անհրաժեշտաբար ուշացել է: Մյուս աբովյանցին՝ ժամկետային զինծառայող, կոչումով կրտսեր սերժանտ Արմեն Հակոբյանը նրան դիտողություն է արել ուշանալու համար: Այ հենց դա էլ դուր չի եկել Դավիթ Հակոբյանին. ըստ քրեական գործի նյութերի՝ զորամասի ճաշարանի օժանդակ շինությունում Դավիթը խախտել է զինծառայողների փոխհարաբերությունների կանոնները և բռնություն գործադրել պետ, 20-ամյա Արմեն Գրիգորյանի նկատմամբ. իր մոտ եղած ծալովի դանակով հարձակվել է պետի վրա: Վերջինս փորձել է խուսափել հարվածներից, սակայն չի հաջողվել. դանակի հարվածից վնասվել է Արմեն Գրիգորյանի ձախ ձեռքը: Վեճին ներկա է եղել նաև նույն գումարտակի ականանետային դասակի 1-ին ականանետի նշանառու, ժամկետային զինծառայող, շարքային Ա. Շառոյանը, ում միջամտությունը ավելի ծանր հետևանք է ունեցել հենց նրա համար: Դավիթ Հակոբյանը դանակի մի քանի հարվածներ է հասցրել Ա. Շառոյանի կրծքավանդակի շրջանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ՝ կյանքին վտանգ սպառնացող: Բարեբախտաբար, հաջողվել է նրա կյանքը փրկել:
Դանակահարվածներից Արմենը վնասվածք ստանալուց առաջ հասցրել է բռունցքով հարվածել Դավիթի դեմքին, իսկ դանակահարվելուց հետո երեք անգամ էլ՝ գլխին:
Դեպքի հենց հաջորդ օրը Դավիթ Հակոբյանն ու Արմեն Գրիգորյանը կալանավորվել են: Նրանցից Դավիթին մեղադրանք է առաջադրվել պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու (քր.օր.-ի 358-րդ հոդվածի 1-ին մասով) և զինծառայողների փոխհարաբերությունները խախտելու համար, որը զուգորդվել է բռնի գործողություններով՝ զենք կամ մարմնական վնասվածքներ հասցնելու համար հարմարեցված առարկաներով (քր.օր.-ի 359-րդ հոդվածի 3-րդ մաս): Իսկ Արմեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել իշխանազանցության համար (քր.օր.-ի 375-ի 1-ին մաս):
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում աբովյանցի երկու համածառայակիցները՝ և՛ Դավիթ Հակոբյանը, և՛ Արմեն Գրիգորյանն իրենց մեղավոր են ճանաչել առաջադրված մեղադրանքներում, զղջացել և խնդրել իրենց դատել արագ դատաքննության կարգով: Եվ քանի որ առարկողներ էլ չեն եղել, դատարանը հաշվի առնելով, որ երկուսն էլ երիտասարդ են, նախկինում դատված չեն եղել, նրանց արարքը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ չկան, նրանցից Դավիթ Հակոբյանին դատապարտել է 4 տարի 6 ամիս ժակետով ազատազրկման՝ մասնակի գումարելով երկու հոդվածներով նշանակված պատիժները (4 տարի՝ համածառայակիցների նկատմամբ սառը զենքով բռնություն գործադրելու, և 1 տարի՝ պետի նկատմամբ բռնություն կիրառելու համար): Երկրորդ ամբաստանյալին՝ Արմեն Գրիգորյանին, դատարանը ևս մեղավոր է ճանաչել և դատապարտել 2 տարվա ազատազրկման: Նրա պաշտպանը վերաքննիչ բողոք է բերել և խնդրել դատավճիռը փոփոխել՝ 2 տարվա ազատազրկումը պայմանականորեն չկիրառել՝ այն փոխարինելով կարգապահական գումարտակում պահելով 2 տարի ժամկետով:









































