Հաստատվել է մահապարտ կնոջ ինքնությունը, որն իրեն պայթեցրել էր Դաղստանում Սայիդ Աֆանդի Ացաևի տանը: Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, այս մասին հայտնել են հանրապետության իրավապահ մարմինները:
Oգոստոսի 28-ին Դաղստանի Չիրկեյ բնակավայրում կին մահապարտի զոհ էր դարձել Դաղստանի մուսուլմանների առաջնորդներից մեկը` սուֆի շեյխ Սաիդ Աֆանդի Ացաևը, որը հայտնի է որպես Աֆանդի Չիրկեյսկի:
Շեյխի հուղարկավորությունը, համաձայն իսլամի կանոնների, տեղի է ունեցել նույն օրը երեկոյան` մինչ մայրամուտը:
Նրան հրաժեշտ տալու են եկել տասնյակ հազարավոր մարդիկ: Նրա մահվան առնչությամբ Դաղստանում այսօր սուգ է հայտարարված:
Նրա հետ զոհվել են ևս 5 հոգևորականներ: Առկա տեղեկությունների համաձայն` պայթյունից վնասվածքներ են ստացել բազմաթիվ մարդիկ:
Ինչպես Interfax-ին հայտնել է Դաղստանի իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրը, մահապարտի ինքնությունը հաջողվել է պարզել կնոջ կտրված գլխի շնորհիվ:
Նախնական տվյալների համաձայն` պայթյունն իրականացրել է Մախաչկալայի բնակչուհի Ամինատ Կուրբանովան:
«Ռոսիյսկայա գազետան», հղում անելով իրավապահ մարմինների աշխատակիցներին, հայտնում է, որ Կուրբանովան ռուս է (իսկական ազգանունը` Սապրիկինա):
Թերթի տվյալներով` կինը իսլամ է ընդունել: Հաղորդվում է, որ Կուրբանովան եղել է ահաբեկիչներից մեկի կինը և զբաղվել է մահապարտների հավաքագրմամբ:









































