Արարատի մարզի Արարատ քաղաքում սեպտեմբերին թեև համայնքի ղեկավարի ընտրություններ չեն սպասվում, սակայն թեժ ընտրապայքար է սպասվում ավագանու ընտրություններում: «Հրապարակ»-ի տեղեկություններով` Արարատի ավագանու ընտրություններում բավականին վճռական են տրամադրված ԲՀԿ-ականները, որոնք այս օրերին ինտենսիվորեն աշխատում են արարատցիների հետ:
Արարատում ավագանու 15 տեղի համար առաջադրվել է 40 թեկնածու, որոնց կարելի է պայմանականորեն 3 խմբի բաժանել. ԲՀԿ-ականներ` 15 հոգի, ՀՀԿ-ականներ` 15-20, որոնց առաջադրումները կազմակերպել են շրջանից մեծամասնականով պատգամավոր ընտրված Ավշարի գինու գործարանի սեփականատեր Արայիկ Գրիգորյանը և գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանի թիմը` 3-4 հոգի:
«Հրապարակ»-ը հիշեցնում է, որ խորհրդարանական ընտրություններում Արարատում ԲՀԿ-ն հաղթեց ՀՀԿ-ին, որից հետո ՀՀԿ-ն, ըստ լուրերի, անվստահություն հայտնեց ՀՀԿ-ական գործող քաղաքապետ Աբրահամ Բաբայանին, որովհետև իբր վերջինս հատկացված ընտրակաշառքը ռեալ չի օգտագործել: Չի բացառվում, որ այժմ ԲՀԿ-ն փորձի իր ձեռքը վերցնել Արարատի կառավարումը և դա սկսի ավագանուց: Ի դեպ, մամուլում գրվեց նաև, որ այս պատճառով անգամ մարզպետն է Բաբայանին հորդորել արագ գործի անցնել, բայց, ինչպես արարատյան աղբյուրներն են հայտնում, նա ԲՀԿ-ականներին չի հասնում:









































